կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-15 13:50
Հասարակություն

Հայկական դիրքից ընդամենը 400 մետր հեռավորությամբ տեղակայված ադրբեջանական հենակետում սադրիչ գործողությունները սկսվել են դեռևս հոկտեմբերի 13-ից. Արցախի դատախազություն

Հայկական դիրքից ընդամենը 400 մետր հեռավորությամբ տեղակայված ադրբեջանական հենակետում սադրիչ գործողությունները սկսվել են դեռևս հոկտեմբերի 13-ից. Արցախի դատախազություն

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազն ու գլխավոր դատախազի տեղակալն ուշ երեկոյան մեկնել են Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Նոր շեն համայնքում տեղի ունեցած դեպքի վայր, հանդիպել համայնքի ղեկավար Գևորգ Հարությունյանի և զինվորականների հետ։

Արցախի դատախազությունից հաղորդում են՝ տեղում ծավալված քննարկումների արդյունքում պարզվել է, որ հայկական դիրքից ընդամենը 400 մետր հեռավորությամբ տեղակայված ադրբեջանական հենակետում սադրիչ գործողությունները սկսվել են դեռևս հոկտեմբերի 13-ից։ 

«Դեպքի օրը տևական ժամանակ բացահայտ կերպով ուղիղ թիրախավորվել են մեր մարտական դիրքերը` ակնհայտ վտանգելով քաղաքացիական բնակավայրի անվտանգությունն ապահովող հայկական դիրքում ծառայություն իրականացնող անձանց կյանքն ու առողջությունը: Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական կողմը արդեն թիրախավորել է հայ զինծառայողների վրանը ավելի մեծ տրամաչափի զինատեսակով, որի արդյունքում ունեցանք 6 վիրավոր, որոնցից երկուսի վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր: Վիրավորների կյանքը հնարավոր եղավ փրկել Նոր շենի համայնքի ղեկավարի ու զինվորականների աննախադեպ օպերատիվ աշխատանքի շնորհիվ: Իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվում են քրեադատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 

Մանր տրամաչափի զինատեսակներից կրակոցների տեսքով սադրիչ գործողություններ կատարվել են նաև Մարտունու շրջանի Հարավ և Մյուրիշեն համայնքների մոտակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերից:

Դեպքից անմիջապես հետո ռուս խաղաղապահները մեկնել են լարվածության օջախներ, որից հետո կրակոցները դադարել են:

Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները վկայում են, որ ադրբեջանական կողմը արցախա-ադրբեջանական շփման տարբեր հատվածներում փորձում է սադրիչ գործողություններով խուճապային տրամադրություններ  ձևավորել խաղաղ բնակչության մոտ, որի իրագործման նպատակով սպանվեց նաև Մարտակերտի քաղաքային համայնքի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող Արամ Տեփնանցը»,- ասվում է ԱՀ դատախազության տարածած հայտարարությունում։