Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միջազգային իրավապահ կազմակերպությանը մտահոգում է ՀՀ-ում պաշտոնյաներին վիրավորանք հասցնելու քրեականացման փաստը։ Վերջերս տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի իրավապահները քրեական գործ են հարուցել Facebook-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու կապակցությամբ և ձեռնամուխ եղել գրառման հեղինակի ինքնությունը պարզելուն։
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն այդ կապակցությամբ հայտնել է իր մտահոգությունը՝ ընդգծելով, որ այս քայլին նախորդել էր երկու ամիս առաջ ՀՀ խորհրդարանի կողմից օրենսդրական փոփոխությունների ընդունումը, որով քրեականացվել է պաշտոնյաներին «ծանր վիրավորանք» հասցնելը:
«Դա մեծ հետընթաց է, որն, իհարկե, մտահոգում է մեզ: Ժողովրդավարական հասարակությունը պետք է ունենա հնարավորություն քննադատելու պետական պաշտոնյաներին և իշխանավորներին, չհամաձայնել նրանց հետ և անել դա հրապարակայնորեն»,- ասում է Freedom House կազմակերպության Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում:
Freedom House կազմակերպության Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտի խոսքով՝ զրպարտության կամ վիրավորանքի քրեականացումը տարիներ ի վեր օգտագործվել է ավտորիտար ռեժիմների կողմից, սակայն հետխորհրդային տարածքը վերջին 30 տարվա ընթացքում ձգտել է դեպի դրանց ապաքրեականացում: Հայաստանը դա արել է առնվազն 10 տարի առաջ, նշում է նա:
«Զրպարտության կամ վիրավորանքի համար ֆինանսական տույժերի կիրառումը, կախված օրենսդրության առանձնահատկություններից, շատ ավելի թույլատրելի է ժողովրդավարական հասարակությունում, քան քրեական պատասխանատվության ենթարկումը», - պնդում է Բեհրենդտը:
Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է արել անմիջապես դադարեցնել վիրավորանքը քրեականացնող այս օրենսդրության կիրառումը։
«Իմ ընկալմամբ, Հայաստանի կառավարությունը դա դիտարկում է որպես ազգային անվտանգության խնդիր, սակայն ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես դա կարող է հանդիսանալ ազգային անվտանգության հարց»,- շեշտում է Բեհրենդտը:
Անվտանգության տեսանկյունից Մարկ Բեհրենդտը ևս կարևորում է ժողովրդավարության արժեքների գերակայությունը:
«Հիմնարար անվտանգության ապահովման համար ամենակարևորն այն է, որ ժողովրդավարական հասարակությունը պաշտպանի փոքրամասնության, ինչպես նաև մեծամասնության իրավունքները, ունենա արդար և կանխատեսելի օրենքի գերակայություն, որը պաշտպանում է հիմնարար ազատությունները, ինչպիսին է խոսքի ազատությունը», - պնդում է Freedom House-ի ներկայացուցիչը:
Հայաստանում, սակայն, իշխանական պատգամավորները չեն կիսում Freedom House-ի քննադատությունը: Օրենքի համահեղինակ, ՔՊ կուսակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի կարծիքով կազմակերպությունը մոլորության մեջ է ու չի ընկալել հոդվածի բովանդակությունը: Ըստ պատգամավորի, այն ոչ թե վիրավորանքը, այլ հայհոյանքը քրեականացնելու մասին է։ Հայաստանի Հանրապետությունում վիրավորանքը չի քրեականացվել, պնդում է իշխանական պատգամավորը: