Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ կառավարությանն արել է ամեն ինչ այս պատերազմում Թուրքիային ներգրավելու համար։ Այն թեզը, որ հնչեցվել է պաշտպանության նախարարի կողմից՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ», Ադրբեջանի համար այլընտրանք չէր թողնում, և իրենց ռիսկերը նվազեցելու համար նրանք ուղղակի Թուրքիայի գիրկն ընկան։ Այս մասին հոկտեմբերի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը անդրադառնալով 44-օրյա պատերազմի և պարտության հանգամանքներին։
Ռոբերտ Քոչարյանը կրկնեց նախկինում հնչեցրած իր միտքը, որ եթե ՀՀ իշխանությունները լիենին թուրքական գործակալներ, ապա կանեին նույնը՝ իրենց նպատակին հասնելու համար։ Այնուհետև անդրադարձավ հանրության շրջանում առկա կարևոր հարցադրումներին՝ արդյո՞ք Հայաստանի կառավարությունը գիտեր պատերազմի սկզբի մասին։
«Հայաստանում գրեթե բոլոր վերլուծաբանները ահազանգում էին, որ պատերազմի վտանգը չափազանց մեծ է, նույնիսկ դեսպանատներն էին սկսել իրենց երկրների քաղաքացիներին զգուշացնել, որ Ղարաբաղ գնալը վտանգավոր է։ Եվ դժվար է ենթադրել, թե մեր կառավարությունը այդ մասին չգիտեր։ Եթե գիտեր, ապա հարց է առաջանում՝ ինչո՞վ բացատրել, որ պատերազմի հենց առաջին օրը, առաջին երկու-երեք օրվա ընթացքում մենք կրել ենք ահռելի կորուստներ՝ և՛ ռազմական տեխնիկայի, հակաօդային համակարգերի, և՛ հրետանու մեր հնարավորությունների առումով։ Ուղղակի բացատրություն այստեղ չկա»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է պատերազմում պարտությանը, Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ պատերազմում են պետությունները, ոչ թե բանակները։
«Պետությունն է մոբիլիզացնում ամբողջ հնարավորությունները՝ պատերազմում հաղթանակ տանելու համար։ Հենց դա է հիմնական պատճառը, որ երկրի առաջին դեմքը պատերազմի ժամանակ դառնում է գերագույն գլխավոր հրամանատար, որ հնարավորություն ունենա մոբիլիզացնելու ամբողջ ռեսուրսները՝ և՛ մարդկային, և՛ նյութական։ Ըստ էության, Հայաստանում դա չարվեց, սա մեր ձախողման առաջին պատճառն է։ Մոբիլիզացիան ձախողվեց, բանակը համալրելու փոխարեն սկսեցինք զբաղվել ջոկատների ձևավորմամբ։ Անպատասխան մնացին Մովսես Հակոբյանի մեղադրանքները, հնչեցված փաստերը։ Անպատասխան մնացին մի շարք այլ հանգամանքներ, և իշխանությունն այսօր ամեն կերպ խուսափում է իրենց համար ոչ հաճելի հարցերի պարզաբանումից։ Դուք բոլորդ լսել եք այն հրապարակային ելույթը, որով կոչ էր արվում վարչապետի կողմից՝ ձևավորել ջոկատներ, գտնել զրահաբաճկոններ, ով ինչ ունի՝ տներից։ Սա ուղղակի ազդակ էր Ադրբեջանին, որ Հայաստանը այլևս ռեսուրսներ չունի և կարող է ավելացնել ռազմական ճնշումը ՀՀ-ի վրա։ Սա ուղղակի հանցագործություն է, առերևույթ հանցագործություն է»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։