Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ԱԺ-ում՝ ճեպազրույցների ժամին երկու կարևոր հայտարարություն արեց՝ հայտնում է Yerkir.am-ը։
Առաջինը վերաբերում էր Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի ապօրինի հարկումներին։
«Մեր երկրում անվտանգության ճգնաժամը հաղթահարված չէ և ունենում է նորանոր դրսևորումներ, շաբաթվա կարևոր և գլխավոր թեման՝ Գորիս-Կապան ռազմավարական և ստրատեգիական ճանապարհին Ադրբեջանի կողմից ոստիկանական անցակետի տեղադրումն էր։ Նստաշրջանը սկսելուց անմիջապես հետո մենք հայտարարեցինք, որ պահանջում ենք՝ ԱԱԾ տնօրենն ու Պաշտպանության նախարարը գան ԱԺ, տեղի ունենա փակ նիստ և այդ թեմայով քննարկում։ Այս պահին արձանագրենք, որ շաբաթը ավարտվում է, և, չնայած կար համաձայնություն իշխող խմբակցության և ԱԺ նախագահի կողմից, այդ հանդիպումը դեռ տեղի չի ունեցել»,-արձանագրեց Իշխան Սաղաթելյանը։
Նրա համոզմամբ՝ իշխանությունները ի վիճակի չեն սպասարկել հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության շահերը, և ստեղծված իրավիճակում հարցի լուծման փոխարեն հայտարարում են, որ այդ տարածքները ադրբեջանական են, որը, ըստ իրենց, պետական դավաճանության դասական օրինակ է։
Իշխան Սաղաթելյանի երկրորդ հայտարարությունը վերաբերում էր ՀՀ անկախության օրվա առիթով ԱԺ պարգևավճարներին, որից ԱԺ շատ պատգամավորներ ստացել են, բայց «Հայաստան» դաշինքը հրաժարվում է այն ստանալ։
«Քիչ առաջ, առանց մեր իմացության, ԱԺ պատգամավորները, այդ թվում նաև ընդդիմադիր, ստացել են պարգևավճարներ։ Ենթադրում ենք, որ Անկախության տոնի առիթով է․ սա մեզ համար անընդունելի է։ «Հայաստան» դաշինքի անունից հայտարարում ենք, որ այդ պարգևավճարներից մենք չենք օգտվելու։ Անընդունելի և դատապարտելի է, որ երկրում կան սոցիալական ծանր խնդիրներ, կան 10 000-ից ավելի վիրավորներ, հաշմանդամներ, և այս իրավիճակում շարունակում են պետական պաշտոնյաները, այդ թվում՝ ԱԺ-ի պատգամավորները, ստանալ պարգևավճար»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ, հավատարիմ մնալով նախընտրական ծրագրին և նախընթաց ժամանակահատվածում արված հայտարարություններին, այդ գումարից իրենք չեն օգտվելու, կա՛մ կվերադարձնեն պետական բյուջե, կա՛մ Հայաստանի սահմանամերձ մարզերում այդ գումարով կիրականացնեն որևէ ծրագիր։
«Մենք պատրաստվում ենք պարգևատրման ինստիտուտի հետ կապված բողոք ներկայացնել Սահմանադրական դատարան, քանի որ գտնում ենք, որ այն, ինչ կատարվում է՝ առանց չափորոշիչների պարգևատրումներ իրականացնելը, ապօրինի գործընթաց է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․