Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Facebook ընկերությունը հետազոտություն է անցկացրել, որի համաձայն՝ Instagram սոցիալական ցանցը կարող է բացասաբար անդրադառնալ երիտասարդ օգտատերերի վրա, սակայն հետազոտության արդյունքները հրապարակայնորեն չի տարածել. գրում է The Wall Street Journal-ը:
Պարբերականի լրագրողների տրամադրության տակ եղած հետազոտական նյութերի համաձայն՝ Facebook-ն ուսումնասիրում է խնդիրը վերջին երեք տարիների ընթացքում: Ընկերության անցկացրած հարցումներին մասնակցել են տասնյակ հազարավոր օգտատերեր: Արդյունքում՝ ինքնասպանության մտքերից բողոքող դեռահասների շրջանում բրիտանացի օգտատերերի 13%-ը և ամերիկացի օգտատերերի 6%-ը ինքնասպանության ցանկությունը կապել են Instagram-ի ազդեցության հետ: Հավելվածը կարող է ազդել նաև ուտելու խանգարումների վրա:
Զեկույցում ասվում է, որ Instagram-ը «սրում է մարմնի իմիջի հետ կապված խնդիրները յուրաքանչյուր երրորդ դեռահաս աղջկա համար»: Մասնավորապես՝ աղջիկների 32%-ն ասել է, որ երբ անհանգստանում էին իրենց մարմնի համար, Instagram-ն իրենց ավելի շատ էր դրդում վատ զգալուն: Ամերիկացի դեռահասների 14%-ը բողոքում է սոցիալական լրատվամիջոցների պատճառով ինքնագնահատականի վատթարացումից:
Facebook-ի փորձագետները կարծում են, որ «բացասական սոցիալական համեմատության» ազդեցությունը Instagram-ի դեպքում ավելի ցայտուն է, քան TikTok- ի և Snapchat-ի, քանի որ այս սոցիալական ցանցն ավելի շատ կենտրոնացած է մարմնի և ապրելակերպի ցուցադրման վրա: Միևնույն ժամանակ, ուսումնասիրությունը նշում է, որ օգտատերերի մեծամասնությունը «կարող է հաղթահարել բացասական ազդեցությունները և գնահատել Instagram-ը որպես արտահայտվելու և հաղորդակցվելու միջոց»:
Ըստ WSJ-ի՝ այս ուսումնասիրությունների արդյունքները ներկայացվել են Facebook-ի բարձրագույն ղեկավարներին, այդ թվում՝ ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգին:
Instagram-ի ադմինիստրացիան արդեն իր բլոգում տեղադրել է պատասխան WSJ-ին՝ պնդելով, որ ամսագրի հոդվածը «կենտրոնանում է սահմանափակ արդյունքների վրա և դրանք բացասական լույսի ներքո է ներկայացնում»: Ըստ զեկույցի՝ հետազոտության ընթացքում ձեռք բերված եզրակացությունները «չեն կարող համարվել վերջնական և ընդգրկուն»: