Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը 2021թ. փետրվարը 2020թ. փետրվարի նկատմամբ կազմել է 5.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.6%: ԱՎԾ-ն հրապարակել է «Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2021թ.հունվար-փետրվարի» տվյալները:
Այսպիսով, պաշտոնական տվյալներով՝ 12-ամսյա հատվածում գնաճը փետրվարին կազմել է 5,3 տոկոս։ Սննդամթերքի շուկայում այն հասել է 7,8 տոկոսի, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գնաճը՝ շուրջ 9 տոկոսի։
Թանկացել են նաև ոչ պարենային ապրանքները. հագուստի և կոշիկի գնաճը 5,2 տոկոս է, ծառայությունները. բնակարանային ծառայությունները, ջուրը, էլեկտրաէներգիան, գազը և վառելիքի այլ տեսակները թանկացել են 0.6 տոկոսով, իսկ տրանսպորտի գնաճը հասել է 7,2 տոկոսի, առողջապահության ոլորտում գները բարձրացել են 5,6 տոկոսով։ Կենցաղային ապրանքների ու տեխնիկայի գնաճը մոտեցել է 7 տոկոսի սահմանին։
Բացասական միտումներն ակնհայտ է, սակայն ակնհայտ չեն պաշտոնական ռազմավարությունն ու քայլերը՝ այս իրավիճակը հաղթահարելու ուղղությամբ:
Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը արձանագրեց՝ երկիրը տնտեսական խորը ճգնաժամի մեջ է, իսկ ճգնաժամն իր հնարավոր առավելագույն հետևանքներն է թողել նաև սոցիալական ոլորտի վրա:
168.am-ի հետ զրույցում տնտեսագետը նշեց, թե տեղեկություններ ունի, որ պետական որոշակի ծախսեր, այդ թվում՝ սոցիալական, հետաձգվել են հունվար ամսվանից սկսված, ապա հավելեց, որ հատկապես պետության կողմից խնամքի ոլորտում տարբեր շահառու խմբերին առնչվող նոր որոշումներ կան, որոնք դեռ չեն հանրայնացվել.
«Արդեն հստակ նախագիծ կա, որով Նորքի տուն-ինտերնատը (ժողովրդին հայտնի ծերանոցը) միացնում են Երևանի թիվ մեկ տուն-ինտերնատին. յուրաքանչյուրը 200 խնամվող տարեց ունի:
Երկու հիմնական պատճառ կա այս որոշման համար: Առաջինը՝ փորձում են միջոցներ խնայել, սակայն ակնհայտ է՝ մեծ խնայողություն չի լինելու. առանց այն էլ այս պահի դրությամբ խնամքի չափանիշները լիարժեքորեն չեն իրականացվում (սահմանափակ է տարածքը, խնամք իրականացնող անձանց թվաքանակը և այլն):
Այս միացման հետևանքով 200-ից պակաս բնակչի համար նախատեսված խնամքի հաստատությունում պիտի խնամվեն 400 և ավելի խնամյալներ:
Երկրորդը, որ պակաս կարևոր չէ, կարծում եմ՝ մոտ ապագայում արդեն կտեսնենք նախագիծը, որովհետև դա գաղտնի չեն կարող պահել, և կտեսնենք՝ ով է Նորքի տուն-ինտերնատի շենքի սեփականատերը դառնալու. ես համոզված եմ, որ այսօրվա իշխանական խմբակի շրջանակն է դա լինելու (ինչո՞ւ՝ ոչ. Երևան քաղաքում շատ հիանալի դիրքում տեղադրված շենք-շինություն, հողատարածք, որ շուկայականից անհամեմատ մատչելի գնով ձեռք կբերի իրենց շրջանակից ինչ-որ մեկը):
Հաջորդը, գաղտնի, հենց նույն սոցիալական ոլորտում հավաքվել է ղեկավար կազմը, և քննարկում են աշխատողների կրճատման, կառուցվածքային փոփոխությունների խնդիրներ. մեծ հաշվով, ուզում են կրճատել աշխատողներին, որովհետև հասկանում են, որ աշխատավարձ վճարելն արդեն դժվարանում է:
Պետությունն այլևս չի կարողանում ողջ ծավալով իրականացնել իր սոցիալական նվազագույն պարտավորությունները»:
Մեր հարցին ի պատասխան, թե ինչպիսի սցենար ու զարգացումներ պետք է ակնկալել, Թադևոս Ավետիսյանը ներկայացրեց այս իրավիճակի ու գործող իշխանությունների՝ իրավիճակին ոչ համարժեք գործողությունների հնարավոր հետևանքները.
«Այսպես շարունակվելու դեպքում մենք բախվելու ենք նաև նրան, որ պետությունը չկարողանա նույնիսկ վճարել նպաստներն ու կենսաթոշակները, իսկ նման պարագայում միայն արտաքին պարտքի վրա հույսը դնել և ուրախանալ, որ մեզ որպես պետություն, դեռ արտաքին պարտք են տալիս, ոչ միայն լուծում չէ, այլև ճգնաժամի խորացում է:
Միայն գնաճը և տնտեսական անկումը չէ, որը շարունակվում է նաև 2021-ին, մեր երկրում օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին, եթե խոսում ենք, պետք է որակումը լինի հետևյալ ձևակերպմամբ՝ կապիտալի փախուստ:
Մեր երկրից կապիտալը փախչում է, ինչը նաև արտահայտված է վիճակագրական ցուցանիշներում: Զուտ ներդրումներն էապես կրճատվում են, օտարերկրացիներն այլևս ձեռնպահ են մնում ներդրումներ անելուց, և հաջորդը՝ ներդրումները դուրս են բերում մեր երկրից: Նկատելի է, որ ներդրումային ռիսկն էապես բարձրացել է, որն էլ բերել է նման որոշման»:
Առհասարակ, կրկին անդրադառնալով տնեսության մեջ առկա հիմնական ակցենտներին՝ տնտեսագետը շեշտեց. «Տնտեսությունը կրճատվում է, որն արտահայտվում է տնտեսական ակտիվության ցուցանիշի անկմամբ, պետական բյուջեի հարկերի մուտքերը նվազում են, աճում են գները, սոցիալական խնդիրները սրվում են, և նաև՝ պետական բյուջեի համար նոր լրացուցիչ ծախսեր են առաջացել, որոնք պետք է պարտադիր իրականացվեն, այդ թվում՝ համավարակի տապալումով, պատերազմի կապիտուլյացիոն ելքով պայմանավորված, և այս բոլորը լրացուցիչ սոցիալական ծախսեր են, որոնք ավելանում են պետական բյուջեի վրա:
Պատկերացրեք՝ այսպիսի շեղումը՝ պետության ծախսերի ավելացումը, գների աճը, մարդկանց իրական եկամուտների նվազումը, սա շատ ուղիղ և բացահայտ կերպով երկիրը տանում է ընդհանուր հումանիտար աղետի»:
Իսկ թե ի՞նչ կուլիսային զարգացումներ կան Նորքի տուն-ինտերնատի շուրջ՝ 168.am–ը առաջիկայում կանդրադառնա առանձին հրապարակմամբ: