Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փաշինյանը կտրականապես մերժեց Բորիս Ավագյանի անդամակցությունը ստեղծվելիք հանձնաժողովին, իսկ մյուս հարցերն ասաց, որ քննարկենք օգնականների հետ․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինվորի ազգական Եղիշե Զաքունցը՝ ներկայացնելով օրերս Փաշինյանի հետ ունեցած հանդիպման մանրամասները։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած զինվորների հարազատները հունիսի 28-ին կառավարության շենքի մոտ բողոքի ցույց անելիս հերթական հանդիպումն էին ունեցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, այդ անգամ եւս՝ անարդյունք։
«Փաշինյանն ասաց՝ շտապում եմ, ժամանակ չունեմ։ Հետո առաջարկեց քննարկումը շարունակել օգնականների հետ։ Մենք առաջարկեցինք՝ հանձնաժողով ստեղծել, կազմում ներգրավել երեք ծնողի, նրանց թվում՝ նաեւ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանին՝ որպես կոմպետենտ անձի, որը կապ ունի գեներալ Մուրադովի հետ։ Փաշինյանը կտրականապես մերժեց։ Մեր՝ հանձնաժողով ստեղծելու պահանջն էր, որ այն աշխատի, ինչ-որ գործ արվի, իսկ իրենց առաջարկած ֆորմատով հանձնաժողով ստեղծելը հասկացանք, որ իմաստ չունի։ Մեր ցանկությունն էր, որ Բորիս Ավագյանը ներգրավված լինի, օգնի իր կապերով, ծնողներ լինեն։ Եթե պիտի կառավարության հետ աշխատել նույն տարբերակով, անիմաստ է»,- ասաց Եղիշե Զաքունցը։
Փաստորեն, 8,5 ամիս անց Փաշինյանը անհետ կորած զինվորների հարազատներին կրկին ասելիք չունի։ Ծնողների հետ հերթական հանդիպման ժամանակ ներկայացրել է անհետ կորած զինվորների թվերն ու ճողոպրել՝ ասելով․ «Ժամանակ չունեմ, շտապում եմ»։ Իսկ երբ ծնողներից մեկը հանձնաժողով ստեղծելու միտքն է հայտնել, Փաշինյանն առաջարկել է քննարկումն իր երկու օգնականների հետ անել։
«28-30 հոգով էինք այնտեղ, եւ միայն մեր որոշելով չպետք է լիներ, հարյուրավոր ծնողներ կան, որոնք սպասում են իրենց որդիների վերադարձին, մենք պետք է ցանկացած բան համաձայնեցնենք նրանց հետ։ Փաշինյանն ասաց՝ որոշե՛ք, քննարկե՛ք, բայց՝ առանց Բորիս Ավագյանի։ Հետո, թե՝ «կներե՛ք, զբաղված եմ, պետք ա գնամ»։ Նրա երկու օգնականներին՝ Նաիրիին եւ Գագիկին, երբ հարց էինք տալիս, որպես կառավարություն ի՞նչ եք արել, ի՞նչ եք անելու, ասում են՝ ամեն ինչ։ Ամեն ինչով չի, մենք պետք է իմանանք քայլերը, եթե դուք ասում եք՝ ամեն ինչ, դա նշանակում է՝ ոչինչ, որովհետեւ մենք այսօր փաստացի արդյունք չունենք»,- ընդգծեց անհետ կորած զինվորի ազգականը։
Զաքունցը տեղեկացրեց, որ պատրաստվում են դիմել գեներալ Մուրադովին։ «Մի քանի օր անց, ամենայն հավանականությամբ, ուղիղ կգնանք գեներալ Մուրադովի հետ հանդիպման եւ քննարկումները կշարունակենք նրա հետ։ Մենք հիմնավոր փաստեր ունենք, որ ադրբեջանական կողմը մարմինները տարել է ինչ-որ տեղ։ Այս կառավարությունը 8,5 ամսվա ընթացքում արդյունավետ որեւէ քայլ չի ձեռնարկել, դիմել ենք բոլորին, ԱԱԾ-ին երեխաների անուն-ազգանուններով ինֆորմացիա ենք տվել՝ տեղանքի քարտեզներով, զոհված երեխաների մարմինների գտնվելու վայրերը վկայող վիդեոներով։ 8,5 ամիս հետո չիմանա՞լ այդ երեխաների ճակատագիրը, գտնվելու վայրը․․․ Անարդյունավետ են աշխատում։ Մենք չգիտենք, էլ ինչ անենք»,- ասաց Զաքունցը։
Լիանա Սարգսյան