Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք ուզում ենք ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ քննարկել մեր հարցի լուծումը, արդեն 55 օր փորձում ենք հանդիպել, չի ստացվում՝ ըստ Yerkir.am-ի ասաց վերջին պատերազմում անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը։
Անհետ կորածների ծնողներն ու հարազատները Պաշտպանության նախարարության շենքի առջև են։ Նրանք ասում են՝ Հայաստանում այնպիսի պատասխանատու մեկը չկա, որի հետ իրենք հանդիպած չլինեն, մնացել է միայն Օնիկ Գասպարյանը․ «Տեսնենք ինքը կկարողանա՞ մեր հարցին լուծում տալ»։
Անհետ կորած զինծառայողի ծնող Անահիտ Ադոյանն ասաց՝ այս հարցը միայն իրենց հարցը չէ՝ սա մեր հերոս տղերքի հարցն է, բոլորի հարցն է, առաջնահերթ պիտի այս հարցը լուծվի, հետո անցնեն երկրորդ պլաններին։
«Մեր երեխեքը՝ Էջմիածնի քիմիական զորամասի տղերքը, արդեն 55 օր է՝ չկան, ուզում ենք հասկանալ՝ ո՞ւր են իրենք, կարո՞ղ ենք որևէ տեղեկություն ստանալ»,-ասաց նա։
Վարչապետի կոչին, որ ծնողները պետք է համբերատար սպասեն, նրանք պատասխանում են՝ ասելն այնքան հեշտ է, հլա ծնողի տեսանկյունից նայեք, եթե իմանանք գերի են՝ դա ուրիշ է, բայց այս անորոշությունն է մեզ այս օրը գցում։
Նույն զորամասից մեկ տղա երեկ Հայաստան է վերադարձել 44 գերիների հետ միասին․ «Շատ ուրախ ենք նրա համար, բայց դրա հետ մեկտեղ պիտի պայքարենք մնացած 40-ի համար՝ նույն զորամասից 41 հոգի է անհետ կորել։ Սա միայն Էջմիածնի քիմիական զորամասից, բայց ամբողջ Հայաստանում շատ, շատ են»։
Նրանք պատրաստակամ են մասնակցելու որոնողական աշխատանքներին, ուզում են իմանալ՝ ե՞րբ։
Մեկ այլ անհետ կորած զինծառայողի ծնող՝ Հրաչիկ Վարդանյանը պատմում է, որ իրենց տղաների հրամանատարին վերադասը ստիպել է զինվորներին առաջ տանել այն դեպքում, երբ ո՛չ զինամթերք են ունեցել, ո՛չ պաշտպանիչ հագուստ։
«Արսեն Աբգարյանին՝ կամանդիրին, զաստավիտ ա անում՝ պիտի տանես։ Պատասխանում է՝ պրն․ գեներալ, ոչ մի տեսակի ո՛չ զինամթերք ունենք, ո՛չ կասկա ունենք, ո՛չ էլ բրոնեժիլետ ունենք, մենք ո՞ւր գնանք։ Գեներալն ասում է՝ դուք գնացեք, ես ձեր հետևից զինամթերք էլ կբերեմ, կասկա էլ, բրոնեժիլետ էլ։ Տանում է տղերքին մտցնում էդ զասադի մեջ»,-պատմեց նա։
Եվ այժմ ծնողները պահանջում են հանդիպում Օնիկ Գասպարյանի հետ․ «Արի՛, մի բան ասա՝ ի՞նչ պիտի լինի մեր երեխեքի հետ»։
Հրաչիկ Վարդանյանը որդու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 20-ին․ նա Զանգելանի հատվածում էր։