կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-18 13:45
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անհետ կորած զինծառայողների հարազատները Վայքի զորամասում են

Մեր երեխեքին կորցրել եք, 26 երեխուց ոչ մեկը չկա՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեցին անհետ կորած որոշ զինծառայողների հարազատներ, որոնք այս պահին Վայքի զորամասում են և այնտեղ են մնացել ամբողջ գիշերը։

Նրանց ուղղորդեցին փոխվարչապետ Նաիրի Սարգսյանի մոտ, ում Փաշինյանը հանձնարարել է ցուցակագրել հնարավոր անհետ կորածների հարազատներին և հանդիպումներ կազմակերպել նրանց հետ․ Նաիրի Սարգսյանի գլխավորությամբ պետք է ստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որը կզբաղվի անհետ կորածների հարցերով։ Հարազատները, սակայն, Վայքի զորամասի սպաներից պահանջեցին՝ Սարգսյանին բերել իրենց մոտ, ոչ թե իրենք գնան նրա մոտ։

«Ես իրեն հարց եմ տալիս՝ ի՞նչ պաշտոն ես զբաղեցնում, ասում է՝ վարչապետի օգնական։ Ա՛յ վարչապետի օգնական անասուն դու մի հատ գեներալ չես կարում բերես, բա ինչի՞ համար ես էդ աթոռին։ Սաղդ ձրիակեր եք»,-ասաց հարազատներից մեկը։

Նրանք պահանջեցին այն մարդկանց բերել իրենց մոտ, ովքեր շղթայաբար տարել են իրենց երեխաներին ռազմաճակատ։

«Ինձ չի հետաքրքում, ես տվել եմ քեզ երեխուն, ո՞ւմ ես տարել՝ տվել, գնա բեր Իմ երեխուն։ Դուք ե՞ք տարել երեխեքին, բերեք»,-ասաց մեկ այլ ծնող։

Նրանք հայտարարեցին, որ 70 օր իրենց երեխեքը չկան։

«Դուք չգիտեք՝ վաղը-մյուս օրը ձեր երեխեքի հետ ի՞նչ կանեն, նույն բանը ձեր երեխեքի գլխին կգա, դրա համար էլ մեր կողքը կանգնեք»,-ասացին նրանք զորամասի սպաներին և ռազմական ոստիկանության ներկայացուցիչներին։

Մանրամասն՝ տեսանյութում․