կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-29 17:10
Հասարակություն

Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը առաջադրվել է «Էմմի» մրցանակի

Հայոց ցեղասպանությանը նվիրված՝ Անի Հովհաննիսյանի «Թաքնված քարտեզ» փաստավավերագրական ֆիլմն առաջադրվել է Primeime Emmy մրցանակաբաշխության երեք անվանակարգերում՝ լավագույն վավերագրական սցենար, լավագույն պատմող և վավերագրական կինոնկարների ոլորտում բացառիկ նվաճում:

Այս ֆիլմի նկարահանումների համար Լոս Անջելեսից ռեժիսոր Անի Հովհաննիսյանը մեկնել է Արևմտյան Հայաստան՝ Ցեղասպանությունից մազապուրծ իր նախնիների հայրենիքը: Շոտլանդացի գիտնական Սթիվեն Սիմի հետ հանդիպումը, որը շուրջ 30 տարի ուսումնասիրում է Հայաստանի պատմական տարածքը, հանգեցրել է իրական համատեղ հետաքննության:

Անի Հովհաննիսյանի խոսքով՝ ճանապարհորդության բուն նպատակը եղել է իր տատիկի ու պապիկի պատմած եկեղեցիների ու քաղաքների որոնումը, բայց ճանապարհորդության ընթացքում ինքը հայտնաբերել է ավելին՝ թաքնված քարտեզ, կորցրած մասունքներ և անասելի պատմություններ, որոնք երկար տարիներ գաղտնի էին պահվում: Անի Հովհաննիսյանը նշել է, որ Թուրքիան ամեն կերպ փորձում է ջնջել անցյալի հետքերը. գյուղերի անունները փոխվել են, իսկ վանքերի տեղում մնացել են միայն ավերակներ:

Ամերիկյան հեռուստատեսությամբ «Թաքնված քարտեզը» ֆիլմի պրեմիերան արժանացել է հանդիսատեսների բուռն արձագանքին, և ինը հաջող հեռարձակումներից հետո ֆիլմն առաջադրվել է ֆիլմարտադրության գլխավոր մրցանակի: Անի Հովհաննիսյանի ֆիլմը նաև ճանաչվել է «Էմմի-2021» -ի հավակնորդների ցուցակում ամենահեղինակավորներից մեկը:

«Մեծ պատիվ է, որ այս ֆիլմի շնորհիվ հայոց պատմությունը ճանաչվել է որպես մարդկային մեծ փորձի արժեքավոր մաս»,- ասել է ռեժիսորը: Նա շեշտել է, որ ինքը հատկապես գոհ է բացառիկ վաստակի համար առաջադրվելու համար, քանի որ դա նշանակում է, որ ֆիլմում առանձնահատուկ և կարևոր բան են գտել:

«Թաքնված քարտեզն» արդեն շահել է հանդիսատեսի մրցանակը, ինչպես նաև միջազգային կինոփառատոների մի շարք մրցանակներ լավագույն վավերագրական ֆիլմերի համար: Բացի դրանից՝ ֆիլմը դարձել է հեղինակավոր Accolade Global Film Competition մրցույթի հումանիտար մրցանակի եզրափակիչի մասնակից:

«Էմմի» մրցանակաբաշխության հաղթողները հայտնի կդառնան 2021 թվականի սեպտեմբերին: