կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-28 19:51
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ում իշխանության եկած մարդու վատագույն տեսակին 103 տարի առաջ մեր հիմնադիր այրերը կգնդակահարեին․ Իշխան Սաղաթելյան

Ես հավատում եմ, որ այստեղ հավաքված մարդիկ ժառանգորդներն են մայիսի 28-ը կերտած ազգային, արժանապատիվ և հաղթող տեսակի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Արամ Մանուկյանի արձանի մոտ, որտեղ «Հայաստան» դաշինքը հարգանքի տուրք էր մատուցում Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հիշատակին, և որին ներկա էր նաև դաշինքը գլխավորող՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Ես հավատում եմ, որ այդ տեսակը մեր երկրում գնալով բացարձակ մեծամասնություն է կազմելու և շատ շուտով այն փոխելու է մեր պետության բարոյական ու քաղաքական մթնոլորտը, կրկին հաղթողի ոգի է ներշնչելու բոլորին, իր տեղն է ցույց տալու թշնամուն և ապահովելու է մեր երկրի նոր վերածնունդը»,-ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը շնորհավորեց Մայիսի 28-ի առիթով և մաղթեց հավատի նորոգում, նորանոր ու մեծ հաղթանակներ, և ասաց, որ հավատում է այդ հաղթանակներին:

«Կեցցե՛ն ուժեղ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները։ Կեցցե՛Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի միասնական հայությունը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ 103 տարի առաջ այս օրը, դարեր տևած դադարից հետո, համատարած խավարի, հուսահատության մեջ հույսի շող փայլատակեց․ Ցեղասպանությունից փրկված, որբերով լցված, կոտրված ժողովուրդը ուղղեց իր մեջը, ելավ գոյապայքարի և ոչ միայն ապրեց, ոչ միայն փրկվեց, այլև պետություն ստեղծեց։

«Առաջին Հանրապետությունը եղավ կառավարման համակարգում բարոյականության նորմերի հաստատողը. երբ պատերազմի դաշտում զոհվում էին վարչապետերի զավակները, երբ պատգամավորի բացակայությունն օրենքով հարգելի էր միայն, եթե նա այդ օրերին գտնվել է ռազմի դաշտում: Երբ ավերակների, պատերազմի, գաղթականության այդ պայմաններում կառավարությունը հիմնում էր համալսարան, ազգային գրադարան, բացում թանգարաններ։ Երբ մեր հանրապետությունը դառնում էր աշխարհում առաջին երկրներից մեկը, ուր կինն ուներ ընտրելու և ընտրվելու իրավունք, երբ կազմավորվում էր բանակը, հայացվում Հայաստանը: Երբ նախարար ու շարքային երկաթուղային, ուսուցիչ ու գեներալ ապրում էին հավասար պայմաններում»,-ընդգծեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ  ներկայացուցիչը։

Նա հիշեցրեց, որ մեկ դար առաջ աշխարհն ավելի բարի չէր, մեկ դար առաջ թշնամին պակաս նենգ չէր, մեկ դար առաջ հայ ժողովուրդը պակաս հերոսական չէր, բայց ուրիշ էին պետության ղեկավարները, ուրիշ էր պետականության և հայրենիքի նկատմամբ վերաբերմունքը։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ 70 տարի անց մեր պետությունը վերանկախացավ, հայ ժողովրդի նոր՝ փայլուն սերունդը ևս մեկ քար դրեց հիմնադիր այրերի ժառանգության վրա և մեր ժողովուրդն էլ ավելի մոտեցավ իր ազգային երազանքին։

«Իսկ այսօր, մեր ժողովրդի երազանքները կործանողները, մեր պետությունը ոչնչացման երզրին հասցնողը, իրեն պետության ղեկավար հորջորջողը  համարձակվում է մեղադրել Արամ Մանուկյանին, Հովհաննես Քաջազնունուն, Դրոյին, Նժդեհին հողեր հանձնելու, հայրենիքը չսիրելու, այն չպաշտպանելու, դավաճանության մեջ։ Համարձակվում է մեղադրել մարդկանց, ովքեր մոխիրների վրա պետություն ստեղծեցին։ Հայաստանում իշխանության եկած մարդու վատագույն տեսակը, որին 103 տարի առաջ մեր հիմնադիր այրերը կգնդակահարեին կամ կբանտարկեին դասալքության և դավաճանության համար, այսօր ոչնչացնում են մեր բոլոր ձեռքբերումները, սպանում են ապրելու մեր հույսը, խոսելով խաղաղությունից՝ կապիտուլյացիա են պարտադրում մեզ, խոսելով ապագայից՝ փորձում են ոչնչացնել հայ ժողովրդի ապագան։ Փորձում են սպանել մեզ և մեր երազանքները»,-փաստեց Իշխան Սաղաթելյանը։

Նա, սակայն, հավատացրեց, որ, հակառակ թշնամական ծրագրին, հայ ազգը չի մահացել։

«Ինչպես սեպտեմբերի 27-ին, կանգնած այս նույն արձանի դիմաց մենք երդվեցինք պաշտպանել հայրենիքը և մեկնեցինք սահման, այնպես էլ այսօր, կանգնած նվիրյալ հայ, Հանրապետության հիմնադիր Արամի արձանի դիմաց և նայելով մեր ժողովրդին, խոստանում ենք՝ ոտքի ենք կանգնելու, վերականգնելու ենք մեր արժանապատվությունը, նորից հպարտ քայլելու ենք մեր հողի վրա, ապրելու ենք և կերտելու նրանց երազանքների հայրենիքը»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը հիմնավորեց՝ որովհետև մենք Արամի, Դրոյի ժառանգներն ենք, որովհետև մենք հայ ազգն ենք, որը եղել է, կա և դեռ պետք է շատանա։

Մանրամասն՝ տեսանյութում․