Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵՄ գագաթնաժողովը որոշում է կայացրել արգելել բելառուսական ավիաընկերություններին՝ թռիչքներ իրականացնել դեպի ԵՄ օդանավակայաններ ու թռչել Եվրամիության տարածքով, ինչպես նաև խորհուրդ է տվել, որ եվրոպական փոխադրողները հրաժարվեն Բելառուսի օդային տարածքում թռչելուց: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, ասվում է երկուշաբթի երեկոյան ընդունված՝ ԵՄ գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ, որը պատասխանն էր իռլանդական բյուջետային Ryanair ավիաընկերության ինքնաթիռի՝ Բելառուսում չնախատեսված վայրէջքի հետ կապված միջադեպին:
Որոշումն ուժի մեջ չի մտել, այն դեռ պետք է համաձայնեցվի և հաստատվի ԵՄ խորհրդի կողմից՝ նախարարների մակարդակով, ինչը կտևի մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ:
Բացի դրանից՝ գագաթնաժողովը որոշում է կայացրել շտապ նոր պատժամիջոցներ կիրառել Բելառուսի դեմ:
Նաև՝ Բելառուսի հետ օդային հաղորդակցության վերաբերյալ բոլոր որոշումները կկայացվեն ԵՄ պետությունների իշխանությունների և ավիաընկերությունների կողմից:
Գագաթնաժողովում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիությունը մտադիր է նոր սահմանափակող միջոցներ ձեռնարկել ինքնաթիռի վայրէջքի համար պատասխանատու անձանց, ինչպես նաև այս երկրի պետական ընկերությունների ու այլ ձեռնարկությունների նկատմամբ, որոնք «ֆինանսավորում են այս ռեժիմը»:
Ըստ գործող ընթացակարգի՝ ԵՄ երկրները և ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունը պետք է առաջարկություններ ներկայացնեն նոր սահմանափակող միջոցների բովանդակության վերաբերյալ, այնուհետև դրանք պետք է համակարգվեն և հաստատվեն ԵՄ խորհրդի կողմից՝ նախարարների մակարդակով, որից հետո պատժամիջոցները ուժի մեջ են մտնելու:
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Մինսկում, իբր ռումբի առկայության մասին հաղորդագրության պատճառով, ստիպված է եղել վայրէջք կատարել Աթենքից Վիլնյուս թռիչք իրականացնող ինքնաթիռը, որի ուղևորների թվում էր NEXTA հեռագրային ալիքի նախկին խմբագիր Ռոման Պրոտասևիչը. նա բերման է ենթարկվել: Ռոմանին հաջողվել է տեղեկացնել իր գործընկերներին, որ Աթենքի օդանավակայանում անհայտ տղամարդը փորձել է լուսանկարել իր փաստաթղթերը, և ենթադրելի է, որ նա հատուկ ծառայությունների մարդ էր: