կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-24 08:56
Մշակույթ

Ադրբեջանցիները հայկական մշակույթի հետ «հաշվեհարդարն» սկսել են շատ ավելի վաղ, քան ոմանք պատկերացնում են

Ադրբեջանցիները հայկական մշակույթի հետ «հաշվեհարդարն» սկսել են շատ ավելի վաղ, քան ոմանք պատկերացնում են

Azgonline.am-ը ներկայացնում է Գևորգ Գյուլումյանի հոդվածը. 

«Մշակութային ցեղասպանությունը, որն այսօր տեղի է ունենում Շուշիում ու բռնազավթված Արցախի մյուս շրջաններում, նոր երևույթ չէ:
Չնայած այն բանին, որ 2020-ականների Հայաստանում կարելի է գտնել ցօրս կանգուն ադրբեջանական բազմաթիվ գերեզմանատներ, ադրբեջանցիները հայկական մշակույթի ու գերեզմանատների հետ «հաշվեհարդարն» սկսել են շատ ավելի վաղ, քան ոմանք պատկերացնում են:

Օրինակ` խորհրդային տարիներին, երբ հյուսիսից-հարավ, արևելքից-արևմուտք բոլոր իրար «ընկեր ու եղբայր» էին կոչում, երբ «թշնամանք չկար», ադրբեջանական ԽՍՀ-ում, պետական ամենաբարձր մակարդակով, խրախուսվում էր հայկական մշակույթի ժխտումն ու ոչնչացումը: Նման օրինակները շատ են արձանագրված ու չարձանագրված. դրանցից միայն մեկը կբերեմ:   

1975թ. (եթե չեմ սխալվում) արվեստի մի խումբ գործիչներ գտնվում էին Նախիջևանում` նկարահանումներ անելու: Իմանալով նրանց այցի մասին, կոմկուսի քարտուղար Ղազիբեկովը հանդիպում է նրանց ու առանց ենթատեքստերի, պարզ հարցնում. «Ձեր ինչի՞ն է պետք հայ մշակույթի հուշարձաններ նկարելը, երբ մեզ մոտ արդեն համարյա հայ չկա և շուտով հայկական եկեղեցիների ու վանքերի մնացորդներից ոչինչ չի մնա»:  

Ցավոք, Ղազիբեկովի խոսքերն իրականություն դարձան. այսօր թե‘ Նախիջևանում, թե‘ բռնազավթված մյուս գավառներում չեք գտնի հայկական մշակույթի կանգուն որևէ նմուշ, իսկ կանգուն մնացածներն էլ աշխարհին հրամցվում է կա’մ «հնագույն ադրբեջանական», կա’մ ալբանական:
Ադրբեջանցիներն էլ, իրենց մեծ եղբայր Թուրքիայի նման, որդեգրել են «հայկական հետքի ոչնչացման» քաղաքականությունը և տասնամյակներ շարունակ իրագործում են: Չի բացառվում, որ եթե Արցախը երկար ժամանակ մնա նրանց վերահսկողության տակ, նույն ճակատագրին արժանանան նաև Մռովի լեռնաշղթայի ու Արաքսի հովտի միջակայքում ընկած հայկական մշակույթի անհաշվելի գոհարները:

Պետական քաղաքականության մասին չեմ խոսում, որովհետև չեղյալ բանը քաղաքականությամբ կամ որևէ այլ բանով զբաղվել չի կարող»: