կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-22 12:02
Տարածաշրջան

Վրացի նավաստիները հարձակվել են թուրքական բեռնափոխադրող ընկերության վրա՝ մեղադրելով խարդախության մեջ

Վրացի նավաստիները հարձակվել են թուրքական բեռնափոխադրող ընկերության վրա՝ մեղադրելով խարդախության մեջ

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել խարդախությունների միջոցով Բաթումի նավաստիներից հնարավոր գումար հափշտակելու փաստի առթիվ:

Հետաքննությունը սկսվել է նախօրեին Բաթումում (Աջարիա) «Բեշիքթաշ Գրուպ» բեռնափոխադրող ընկերության գրասենյակում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Ըստ «Աջարիա» հեռուստաընկերության՝ նավաստիների հարազատները ներխուժել են այնտեղ, վնասել սարքավորումները, ֆիզիկական բռնության ենթարկել ընկերության աշխատակիցներին: Նրանք ընկերությանը մեղադրել են խարդախության և իրենց ընտանիքների գումարները յուրացնելու մեջ՝ պահանջելով համապատասխան արձագանք:

Նավաստիների հարազատները բողոքի ակցիա են անցկացրել նաև Աջարիայի ոստիկանության գլխավոր վարչությունում: Ըստ բողոքողների՝ մեկ ամիս առաջ շուրջ 90 նավաստի կապվել է «Բեշիքթաշ գրուպ»-ի գրասենյակի հետ, որտեղ նրանց խոստացել էին աշխատանքի տեղավորել: Թռիչքից առաջ նրանցից պահանջվել էր 1,5 հազար դոլար` կապված ծախսերի հետ: Ոմանք գումարի մի մասն էին փոխանցել ընկերության հաշվին, իսկ ոմանք էլ` ամբողջ գումարը: Ենթադրվում էր, որ նավաստիները ճամփորդության էին դուրս գալու հինգշաբթի` մայիսի 20-ին, բայց դա տեղի չի ունեցել:

Ենթադրվում էր նաև, որ թուրքական կողմը հոգ կտանի նավաստիների` Ստամբուլ տեղափոխման համար, որտեղ նրանց հետ պայմանագրեր կկնքվեին: Սակայն ավտոբուսը մաքսայինում չի դիմավորել նավաստիներին, իսկ ընկերության ներկայացուցիչների հետ կապ հաստատել չի հաջողվել: