կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-21 12:40
Աշխարհ

Կանադայի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են Արցախի հարցը

Կանադայի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են Արցախի հարցը

Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոն և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռեյկյավիկում քննարկել են իրավիճակը Արկտիկայում, Վենեսուելայում և Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հինգշաբթի ասվում է Կանադայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը տեղի է ունեցել Արկտիկայի խորհրդի  նախարարների նիստից հետո. հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նախարար Գարնոն վերահաստատեց Կանադայի ուժեղ աջակցությունը Արկտիկայի խորհրդի աշխատանքներին և կշարունակի համագործակցությունը Արկտիկայի բոլոր պետությունների ու մշտական մասնակիցների հետ՝ կայուն տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացումը խթանելու համար, ինչպես նաև բնապահպանական նախաձեռնությունները Արկտիկայի շրջանում»,- հայտնում են նախարարությունից:

Ըստ Կանադայի արտգործնախարարության՝ Գարնոն և Լավրովը քննարկել են նաև իրավիճակը Վենեսուելայում և Լեռնային Ղարաբաղում: Գարնոն կրկնել է, որ Կանադան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում նվազեցնել լարվածությունը։ «Կանադան հույս է հայտնում, որ կողմերը կդիմեն արդյունավետ քայլերի, այդ թվում՝ կարագացնեն ձերբակալված անձանց ազատ արձակումն ու մահացածների աճյունների վերադարձը, հետաքննություն կիրականացնեն ու կդատապարտեն բոլոր ենթադրյալ պատերազմական հանցագործությունները, կհամագործակցեն ականազերծման հարցում»,- ասվում է հայտարարության մեջ:

Գարնոն նաև հայտնել է Ղրիմի վերաբերյալ Օտտավայի դիրքորոշումը, անհանգստություն է հայտնել ուկրաինական սահմանի երկայնքով ռուսական զորքերի վերջին տեղաշարժերի կապակցությամբ ու կոչ արել Մոսկվային՝ ազատ արձակել դատապարտված Ալեքսեյ Նավալնիին: