|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Քրիս Սմիթը կոչ է արել 50 մլն ԱՄՆ դոլար տրամադրել Արցախի անվտանգային, բնակարանային, բուժօգնության, ենթակառուցվածքների և այլ կարիքների համար. հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:
Ներկայացուցիչների պալատի Հատկացումների ենթահանձնաժողովի ղեկավարներին ուղղված նամակում Սմիթը նշել է, որ 2020 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ուժերի կողմից սանձազերծված հարձակումների հետևանքով, որոնց լայնորեն աջակցում էր Թուրքիան, Լեռնային Ղարաբաղում հազարավոր մարդիկ մահացան և վիրավորվեցին, հազարավոր մարդիկ մնացին անօթևան, ոչնչացվեցին կենսական ենթակառուցվածքներ: Նա ընդգծել է, որ առնվազն 50 մլն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն է անհրաժեշտ տրամադրել Արցախին սննդի, անվտանգության, բնակարանների, բուժօգնության ապահովման և ենթակառուցվածքների վերականգնման նպատակով:
Կոնգրեսականը դատապարտել է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններին Ադրբեջան տեղափոխելու և նրանց հայերի դեմ կռվում օգտագործելու փաստը՝ ընդգծելով, որ պետքարտուղարությունը համապատասխան գնահատական պետք է տա Արցախի դեմ թուրքական կողմի գործողություններին:
Նա նաև հորդորել է վերականգնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը, որը սահմանափակում է Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ: