կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-04 11:05
Տարածաշրջան

Թուրքիան պատրաստ է օգնել լուծել Տաջիկստանի և Ղրղզստանի միջև առկա տարաձայնությունները

Թուրքիան պատրաստ է օգնել լուծել Տաջիկստանի և Ղրղզստանի միջև առկա տարաձայնությունները

Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Ղրղզստանի և Տաջիկստանի միջև ծագած տարաձայնությունների երկարաժամկետ կարգավորման գործընթացում: Ըստ «Անադոլու»-ի՝ Անկարայում Թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովի (TURKPA) խորհրդի գլխավոր քարտուղար Ալթընբեկ Մամայուսուպովի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոպը:

«Ղրղզստանը և Տաջիկստանը մեզ համար երկու եղբայրական ու բարեկամական երկրներ են: Մենք հանդես ենք գալիս ծագած խնդիրների երկարաժամկետ լուծման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու օգտին: Թուրքիան պատրաստ է բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրել այս ուղղությամբ»,- ասել է նա:

Շենթոպի խոսքով՝ Անկարան խնդրի լուծմանն օժանդակելու հետ մեկտեղ պատրաստ է նաև օգնություն ցուցաբերել ղրղզա-տաջիկական սահմանին վերջին իրադարձություններից տուժածներին:

Նա հույս է հայտնել, որ ավելի վաղ Բիշքեկի և Դուշանբեի միջև ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագիրը կայուն կլինի:

Իր հերթին, Ալթընբեկ Մամայուսուպովը հույս է հայտնել, որ Ղրղզստանի և Տաջիկստանի միջև հակամարտության իրավիճակը շուտափույթ կվերանա, և խաղաղ գործընթաց կսկսվի: «Ղրղզստանի ժողովրդի համար շատ կարևոր է, որ TurkPA-ն և Թուրքիան մասնակցեն այս գործընթացին: Ղրղզական ժողովուրդը միշտ աջակցություն է զգացել Թուրքիայի կողմից: Համոզված եմ, որ ապագայում էլ այդպես կլինի»,- նշել է նա: