Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը երկարացրել է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը, որի արդյունքում թույլատրվում է ԱՄՆ ուղիղ օգնությունն Ադրբեջանին։
Այդ կապակցությամբ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) նշում է՝ երկրի նախագահ Ջո Բայդենը, «որն իր նախորդին՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին կոչ էր անում Ադրբեջանի նկատմամբ կիրառել «Ազատության աջակցության ակտը», որոշել է հրաժարվել Կոնգրեսի այդ պատժամիջոցներից՝ իր վարչակազմին թույլ տալով օգնել նավթով հարուստ և հակահայկական հռետորաբանությամբ ալիևյան ռեժիմին»։
«ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ենթադրում է պատասխանատվություն, այդ թվում՝ չզինելու և չսատարելու Ադրբեջանին։ Նախագահ Բայդենի ցանկացած գործողություն, որը կանաչ լույս կվառի Ալիևի ռեժիմին ամերիկյան օգնության տրամադրման համար, կհակասի քարոզարշավի ժամանակ նրա հստակ դիրքորոշմանը և, որ ավելի վատ է, Հայոց ցեղասպանության՝ վերջերս նրա ճանաչման ոգուն»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Ընդ որում՝ անցյալ տարվա հոկտեմբերին, Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ֆոնին, այն ժամանակ նախագահի թեկնածու Բայդենը հայտարարել էր. «Թրամփի վարչակազմը պետք է ամբողջությամբ կատարի և չհրաժարվի «Ազատության աջակցության ակտի» պահանջներից, որպեսզի դադարեցնի ռազմական տեխնիկայի հոսքը Ադրբեջան»։
«Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պատճառով և նախատեսում է Ադրբեջանին միայն մարդասիրական օգնության տրամադրում: Ըստ այդ ուղղման՝ ԱՄՆ կառավարությանն արգելվում է օգնություն ցուցաբերել Ադրբեջանի պաշտոնական կառույցներին, քանի դեռ այդ երկիրն «ակնհայտ քայլեր չի ձեռնարկել ՀՀ և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր տեսակի շրջափակումների և ուժի կիրառման այդ հարձակողական ձևերի վերացման ուղղությամբ»։ Սակայն 2002թ․Կոնգրեսն ուղղում կատարեց 907-րդ բաժնում, որով թույլատրվում է նախագահի կողմից ակտի կասեցումը և ռազմական աջակցությունն Ադրբեջանին, ինչն էլ ամեն տարի անում է ԱՄՆ նախագահը։