կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-27 20:43
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այս իշխանությունը հողերը հանձնել է ոչ թե անփորձության, այլ դավաճանության արդյունքում, այլապես իշխանազավթը նոյեմբերի 10-ին գլխիկոր կհեռանար. Գևորգ Գևորգյան

Աշխարհաքաղաքական կենտրոնները մեծացնում են ուշադրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ, և եթե ազգային ողնաշարով իշխանություն ունենայինք, այլ քաղաքական վիճակ կլիներ, մեզ հետ հաշվի կնստեին. այս ապազգային իշխանությունն իրականացրեց թուրքերի 1915 թ.-ի երազանքը, թուրքերը ռուսների հետ միասին Ակնայում մշտադիտարկման կենտրոն ունեն, ո՞ւմ մտքով կանցներ, թե թուրքն այստեղ կարող է իր նպատակին հասնել: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ռազմական գործիչ, «Հայ ազգային ճակատ» ՀԿ հիմնադիր Գևորգ Գևորգյանը:

«Ասում են, թե այս իշխանությունն անփորձության կամ չիմացության պատճառով է հողերը հանձնել, բայց ես վստահ եմ՝ դա դավաճանություն էր, նրանք միտումնավոր են թիկունքը բացել, այլապես իշխանազավթը գլխիկոր ներողություն կխնդրեր նոյեմբերի 10-ին և կհեռանար: Բայց նա փորձում է վերածնվել, հետևաբար՝ իր թիմի հետ միասին սպասարկում է թուրքերի շահը, իրականացնում այն, ինչը հարկավոր է Թուրքիային և Ադրբեջանին»,- ասել է ազատամարտիկը:                                                                                                                              

Ըստ Գևորգյանի՝ այս ապիկար իշխանությունն ամեն ինչ արեց, որ հաղթանակած բանակը դառնա պատրանք, վերացրեց ռազմական հեղինակություն ունեցող գործիչներին. «Առաջին հարվածներն ուղղվեցին բանակին, եկեղեցուն, կրթությանը: Այսօր բանակում կարգապահությունը, ազգային ոգին թուլացել են, զինվորն ու սպան արդեն իրենց ինքնապահպանման բնազդով են առաջնորդվում, պետական մտածելակերպն սկսում է վերանալ: Սպաներն իրենց ուսադիրները չեն հարգում և ամեն թափթփուկի առաջ ոտքի են կանգնում, իշխանազավթին պատվի են առնում: Վարչապետը տապալում է Սահմանադրությունը, ռեպրեսիաներ է գործադրում իր համար անցանկալի անձանց նկատմամբ»:

Ռազմական գործչի կարծիքով՝ պետությունը երեք տարի ծրագրված տարել են կործանման, իշխանազավթները գործադրել են ազգային պետությունը ոչնչացնող մեխանիզմ. «Այս ամենը գիտակցող մարդիկ պետք է համարձակություն ունենան, ձեռքը խփեն սեղանին և ասեն, որ թշնամուն հանձնելու երկիր չունեն: Պետք է այս իշխանությանը պատասխանատվության բերել հանրային ճնշումով: Թշնամին ամեն քայլափոխի առաջ է գալիս: Եթե վեց ամիս առաջ թմբիրի մեջ գտնվող մարդիկ կային, հիմա հասկանո՞ւմ են, որ թուրքն իրենց առջև է: Թող անհատները դուրս գան պայքարի: Դավադիր հարվածով մեր ազատագրածը վաճառեցին թուրքին»:

Ազատամարտիկի պնդմամբ՝ քանի դեռ ապազգային իշխանությունը կառավարում է, նրանց կազմակերպած ընտրություններին մասնակցելն անհեթեթություն է:

«Դավաճանից չի կարելի կոչում ստանալ, այն պետք է շպրտել իր դեմքին: Ցավոք, և՛ սպայական անձնակազմը, և՛ զինվորները, և՛ կամավորները սրանց ձեռքից կոչումներ են ընդունում, իսկ սրանք թուրքի հետ խաղաղասիրություն են քարոզում: Պայքարի բոլոր միջոցներն արդյունավետ են, սա պարտիզանական կռիվ է, փոքր ջոկատով էլ կարելի է կռիվ մղել, երբ տեսնում ես, որ քաղաքական ուժերը սխալ ուղով են տանում գործընթացը: Փաշինյանն ակնհայտորեն կեղծելու է ընտրությունները, նա չի ծառայել ՀՀ-ին և չի էլ ծառայելու, նա եկել է պետությունը ոչնչացնելու նպատակով՝ հանուն սեփական շահի»,- ամփոփել է Գևորգ Գևորգյանը: