Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության «վոժդը», փաստորեն, հանձնարարում է, որ իրեն թեկուզ սխալ, անկապ, բայց հաճելի բաներ զեկուցեն։
Այս անգամ էլ տնտեսության վերականգնման «խաբար» շարքը սկսեց՝ հայտարարելով 2021թ․ մարտին, 2020թ․ մարտի համեմատ, գրանցված աշխատողների թվաքանակի 2500-ով աճի մասին։
Հիմա իրականությունը՝ հակիրճ։
Նախ՝ 2017թ․ հունվարից մինչև 2018թ․ ապրիլ գրանցված աշխատողների թվաքանակի աճի միջին տեմպը շուրջ 40 տոկոսով գերազանցել է դրանից հետո գրանցված նույն ցուցանիշը։
Ամհրաժեշտ է հիշեցնել՝ COVID-19 նոր համավարակի դեմ պայքարը մեր երկրում համատարած ձախողված է: Հետևանքներից էին տնտեսության ամբողջական սահմանափակումները և հատկապես 2020թ. մարտ-հուլիս ամիսներին գրանցված աշխատատեղերի (համեմատվող բազայի) նվազումը տասնյակ հազարներով:
Այսինքն՝ 2020թ. մարտ-հունիս ամիսներին գրանցված աշխատողների թվաքանակը նվազել է 70-80 հազարով, իսկ 2021թ. մարտին, նախորդ տարվա մարտի համեմատ, աճել է ընդամենը 2500-ով:
Իհարկե, իրատես և ազնիվ լինելու պարագայում սա գլխապտույտ երջանկության առիթ չպետք է տար օրվա իշխանական խմբակին:
Մյուս կողմից՝ 2021թ․ մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գրանցված աշխատողների թվաքանակն աճել է ընդամենը՝ 2500-ով կամ 0,4 տոկոսով։ 2021թ․ մարտին, նախորդ ամսվա համեմատ, աշխատողների թվաքանակը նվազել է 1200-ով կամ 0,2 տոկոսով։ Ի դեպ, 2021թ․ մարտին, 2020թ․ դեկտեմբերի համեմատ, այս ցուցանիշը նվազել է 16200-ով կամ 2,6 տոկոսով։
Այս նվազումներն էլ փորձում են կոծկել՝ վկայակոչելով ըստ ամիսների սեզոնայնության տարբերությունները։
Այս առումով էլ հատկանշական է այն փաստը, որ 2020թ․ մարտին, նախորդ ամսվա համեմատ, աշխատողների թվաքանակը ոչ թե նվազել էր, այլ աճել էր 3700-ով կամ 0,6 տոկոսով։ 2020թ․ մարտին 2019թ․ դեկտեմբերի համեմատ աշխատողների թվաքանակը նվազել է ընդամենը 9200-ով կամ 1,4 տոկոսով։ Այսինքն՝ դեկտեմբեր-մարտ համեմատության պարագայում՝ 2021թ․ աշխատողների թվաքանակը նվազել է շուրջ 2 անգամ ավելի մեծ չափով, քան 2020թ․ արձանագրվածը։
Եվ վերջում՝ գրանցված աշխատողների թվաքանակի աճը հիմնականում ստվերի կրճատման արդյունք է, հետևաբար՝ չունի սոցիալական էական ազդեցություն։
Խոսե՛ք բնակչության զբաղվածության և իրական եկամուտների նվազումներից, աշխատող աղքատների թվաքանակի, աղքատության և ծայրահեղ աղքատության մակարդակների էական աճերից, դրանց իրական պատճառներից և սոցիալական խորացող հետևանքներից, կարճ ասած՝ ձեր խմբակի համատարած և շարունակական ձախողումներից:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ