Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի եւ Սուրբ նահատակների հիշատակի կապակցությամբ ապրիլի 26-ի երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվեց Պարույր Սեւակի «Եռաձայն պատարագ» պոեմը։
Միջոցառումը կազմակերպել էր «Հայ ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպությունը՝ «Լույս» հիմնադրամի հովանավորությամբ։ Ներկա էին բարձրաստիճան այրեր, մտավորականներ, արվեստի եւ մշակույթի գործիչներ, նաեւ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Եռաձայն պատարագ» պոեմը Սեւակի հայրենասիրական տրամադրությունների վերջին արտահայտությունն է, որը մենախոսության ձեւով ընդհանրացնում է Մաշտոցին եւ Կոմիտասին, հայոց լեզուն ու հայ ժողովրդին նվիրված նախորդ բոլոր երկերում արծարծված հիմնահարցերը: Ամեն ինչ սկսվում եւ ավարտվում է հափշտակված պատմական հայրենիքի ու բյուրավոր նահատակների հիշատակի ոգեկոչումով:
«Սեւակի այս պոեմը երրորդ անգամ է ներկայացվում հայ հանրությանը»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Հայ ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության գործադիր տնօրեն Կարեն Արիստակեսյանը՝ ընդգծելով՝ այս պոեմի ասելիքը շատ կաեւոր է հենց այս օրերին։
Արիստակեսյանի խոսքով՝ Պարույր Սեւակը կենդանի ներկայություն է, եւ նրա ներկայությունը մեկ անգամ եւս պետք է շոշափելի դառնա հայ ժողովրդի մշակութային կյանքում։ «Այս թատերական-երաժշտական բեմականացումը՝ այս ձեւաչափի մեջ, ամբողջովին նոր է, ու թեեւ արվել է կարճ ժամանակում, բայց ստացված է, հանդիսատեսը գոհ կլինի։ Սեւակը դեռ 1960-ական թվականներից ելույթներով նախազգուշացնում էր հայ ժողովրդին սպասվող բոլոր աղետների մասին։ Նա մշտապես պայքարել է, պայքարի առաջամարտիկ է եղել, ուստի, հատկապես այս օրերին, շատ կարեւոր է այս պոեմը հնչեցնելը»,- նշեց նա։
«Հայ ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության հիմնադիր նախագահ ռազմական, հասարակական գործիչ Գեւորգ Գեւորգյանը շեշտում է՝ Սեւակի այս պոեմը կրում է ազգային մեծ գաղափարաբանություն, ոգու, պայքարի կանչ։ «Ե՛վ պատարագ, ե՛ւ պայքար կյանքի համար, պայքար մեր ազգի ազգային գաղափարաբանության համար։ Ազգի համախմբան տեսանկյունից՝ այսօր շատ կարեւոր են նման միջոցառումները։ Մեր նպատակն է նաեւ ամբողջ աշխարհին ցույց տալ, որ հայն անհայրենիք չէ, մենք արժանապատիվ հասարակություն ենք, մենք հայրենիք ունեցող, մեր ազգը, հողը սիրող մարդիկ ենք, մենք հանձնվող չենք՝ անկախ նրանից, որ դավադիր հարվածով բացեցին մեր թիկունքը, ծախեցին մեր հողերը։ Միեւնույն է՝ պայքարելու ենք եւ մեր կորսված հայրենիքը հետ ենք բերելու»,- ասաց Գեւորգյանը՝ հավելելով, որ երբ հայը դառնում է մի բռունցք, թուրքը երբեք չի կարող նրա դեմ, անգամ ամբողջ աշխարհը չի կարող մեկ բռունցք դարձած հայի դեմ։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Լիանա Սարգսյան