Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձ կատարեց Երևանում Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին առնչվող խնդրին։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ սալիկների հետ կապված խնդիր կա, ԱԻՆ-ի աշխատակիցներն ուսումնասիրել են։ «Արձանի նկատմամբ հոգածությունը Մշակույթի նախարարության ենթակայության տակ է, նախարարության հետ կապվեցինք, ասացինք, որ եթե մեր աշխատողները բարձրանան, թափեն (կախված քարերը-խմբ.), արճիճով է ամրացված, ամբողջությամբ կթափվի»,- ասաց Ցոլակյանը՝ ավելացնելով, որ պետք է ուսումնասիրություն կատարվի ու հարցը լուծվի։
Արձագանքելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Հայտնի այգու բացման օրը, երբ շրջայցի էինք, Վարդանյանեղբայրներն ինձ տեղեկացրին, որ իրենք առաջարկել են այգու հետ նաև այդ արձանը նորոգել, բայց ասվել է, որ դա մշակութային արժեք է: Ես էլ ասացի՝ մշակութային արժեք է, թողեք հանգիստ քանդվի, պետք չէ նորոգել, հանկարծ չկպնեք, մենք արդեն սովոր ենք, որ մշակութային արժեքը պետք է ավերակ լինի»,- հեգնանքով նկատեց Փաշինյանը։ Վարչապետը նշեց, որ երբ տեսել է, որ քարեր են կախված, ասել է, որ տեսականորեն վտանգ կա, պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկել։
«Դրանից հետո ես անցնում եմ ու ի՞նչ եմ տեսնում, տեսնում եմ, որ արձանը ժապավենով են փաթաթել, ընդ որում, այն հայտնի շաբաթօրյակի օրը, Երևանի քաղաքապետին ու մյուս պատասխանատուներին ասացի, որ ճանապարհը, օրինակ, փակում են, ինչ-որ բան են կապում, ինչո՞ւ պետք է այդ փակելը արվի 73 թվի արտադրած ցելոֆանի ժապավենով՝ 25 տեղից կապած»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ պետք է ժապավենը հանվի ու ամեն ինչ արվի պատշաճ։ «Չի կարելի գնալ աղբանոցից հանել օգտագործած ժապավեն, բերել փաթաթել։ Այսօր էլ իմացա, որ այդ այգում արդեն ջարդուփշուրի պրոցես է սկսվել (կոտրել են Երևանի 2800-ամյակի այգու թղթե նավակով տղայի արձանը-խմբ.), ի՞նչ է տեղի ունենում, պարոն Մովսիսյան»,- դիմելով ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանին՝ ասաց վարչապետը։
Փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանն ասաց, թե տեղյակ չեն՝ ով է կապել ժապավենը, բայց աշխատանք են իրականացնում՝ պարզելու, թե արձանը ջարդողն ով է եղել։
«Շատ վատ է, եթե մարդը տեսանյութում երևում է, երկու օր չենք կարողանում հայտնաբերել, իսկ որ տեսանյութում չլիներ, քանի՞ օր չէինք կարողանալու հայտնաբերել»,- զայրացավ վարչապետը՝ հորդորելով արագ հայտնաբերել։
Փոխոստիկանապետը խոստացավ քայլեր ձեռնարկել արձանը ջարդողին արագ հայտնաբերելու ուղղությամբ: