կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-17 11:32
Տարածաշրջան

Կանադական էմբարգոն թուրքական ԱԹՍ-ներին չի վնասել. Բայրաքթար

Կանադական էմբարգոն թուրքական ԱԹՍ-ներին չի վնասել. Բայրաքթար

Կանադայի կողմից անօդաչու տեխնոլոգիաներ Թուրքիա չարտահանելը չի վնասի Baykar թուրքական ավիացիոն խոշոր ընկերությանը. հայտարարել է դրա գլխավոր տեխնիկական տնօրեն, «Բայրաքթար» ԱԹՍ-ի հեղինակ Սելջուկ Բայրաքթարը:

Քննադատելով էմբարգոն՝ նա հայտարարել է, որ եթե Թուրքիան որոշի արտակարգ իրավիճակներում զինված անօդաչու թռչող սարքեր չվաճառել Կանադային, դա կարող է Կանադայի համար լուրջ խնդիրներ առաջացնել, քանի որ Թուրքիան աշխարհի չորս երկրներից մեկն է, որը մարտական ԱԹՍ-ներ է արտադրում:

Հիշեցնենք, որ Կանադան չեղարկել էր Թուրքիա ԱԹՍ-ների համար տեխնոլոգիաներ արտահանելու թույլտվությունը՝ ԱԹՍ-ները Արցախում կիրառելու համար։

Հայտարարության մեջ Բայրաքթարը շեշտել է, որ TB2 զինված անօդաչու թռչող սարքը ստեղծվել է «ամբողջովին ազգային և եզակի դիզայնով», ներառյալ` դրա բոլոր բաղադրիչները, համակարգիչները, ծրագրակազմը, սարքավորումները, աերոդինամիկան և մեխանիկան:

«Մենք հպարտ ենք, որ այն արտադրում ենք 93% ներքին ներդրումներով, ինչը համաշխարհային ռեկորդ է»,- հավելել է նա:

Նշելով, որ Baykar-ը անօդաչու թռչող սարքեր է արտահանում մի քանի երկրներ, Բայրաքթարն ասել է, որ Կանադայից ներմուծված մասերը, ներառյալ` տեսախցիկի բաղադրիչները, արդեն իսկ մշակվում և արտադրվում են Թուրքիայում:

Բայրաքթարը շեշտել է, որ Կանադան, ինչպես զարգացած ավիացիոն արդյունաբերություն ունեցող շատ այլ երկրներ, ներկայումս չունի անօդաչու թռչող սարքեր կամ այն դասի անօդաչու թռչող սարքեր, որոնք արտադրում է Թուրքիան: