կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-26 16:45
Իրավական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանից դժգոհ կողմը ինձ պետք է տանի, կանգնեցնի դատարանի առջև՞. դատավոր Պապոյանը՝ նոր օրինագծի մասին

Դատավորներն արդեն կարող են կաշկանդվել իրենց որոշումները կայացնելիս՝ ըստ Yerkir.am-ի ասաց Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը  Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում խոսելով Ազգային ժողովի ընդունած նախագծի մասին, որի համաձայն քաղաքացիները և իրավաբանական անձինք ևս կարող են դիմել Բարձրագույն դատական խորհուրդ` դատավորների դեմ կարգապահական վարույթ հարուցելու համար։

«Ըստ էության, այսպիսի օրենք ընդունելով, կարծես թե ԲԴԽ-ն դառնում է չորրորդ ատյան։ Ցանկացած որոշում կայացնելիս կա արդեն այն կանխավարկածը, որ մի կողմը դժգոհ գնալով՝ անպայման կդիմի ԲԴԽ՝ իմ հարցը քննարկելու համար։ Արդյունքում կստացվի, որ յուրաքանչյուր կողմ, որը դժգոհ է գնալու դատարանից, ինձ պետք է տանի, կանգնեցնի դատարանի առջև՞»,- ասաց դատավորը։

Նա խոսեց նաև նույն նախագծով՝ ԲԴԽ-ի կողմից մի դատավորից գործը վերցնելու եւ այլ դատավորի մակագրելու մասին։

«Դրա հետ նույնպես չեմ համաձայնվի։ Պետք է ընդհամենը նայել 2014 թվականի Դատական օրենսգրքի փոփոխությունները, որում մտցվեցին էլեկտրոնային մակագրության կարգը, շատ հանգամանալից, տարբեր երկրների փորձն ուսումնասիրած ու նշված է, թե ինչի համար է դա անհրաժեշտ։ Դատական բարեփոխումների ծրագրերի շրջանակներում ինչ-որ տարիների ընթացքում նոր զարգացումներ են գնում, հիմա հետընթաց ենք կատարում»,-ասաց դատավոր Պապոյանը։

Անդրադառնալով մեղադրանքներին, թե վարչապետին սպառնացողները չեն կալանավորվում, դատավորն ասաց՝ տարբեր անձինք հայտարարություններ են անում՝ ինչո՞ւ այս կամ այն դեպքում կալանք չէ։ Կալանքի նպատակը պատիժը չէ, կալանքի նպատակն այլ է, միգուցե չի եղել այդ հիմքերը, ինչի՞ չենք մտածում այդ ուղղությամբ։

ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի կողմից քննիչներին հանդիպելու փաստի մասին հարցին պատասխանելով՝ դատավորն ասաց՝ ցանկացած տեղեկություն, որը դատական իշխանության վարկաբեկմանն է վերաբերում, դա ուղիղ ազդեցություն ունենում է։

«Եթե Հայաստանի Հանրապետությունում անընդհատ խոսվում է վատ դատարան ունենալու մասին, դա ուղիղ ազդեցություն է ունենում։ Իմ կարծիքով, երևի ինչ-որ մի պահի պետք է կարմիր գիծ քաշել, որովհետեւ այն, ինչ ներկայացվում է հանրությանը, ես դրա հետ այդքան էլ համաձայն չեմ։ Չեմ ասում, որ մեր համակարգում խնդիրներ չկան, կան, բայց, իմ գնահատմամբ, դա այդքան վատը չէ, որքան ներկայացվում է. որքան շատ ենք վատը ասում, այն այնքան վատանում է»,-ասաց Մխիթար Պապոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․