կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-20 10:56
Առանց Կատեգորիա

ԱԺ աշխատակազմի նոր ղեկավարը դատվածություն ունի․ «Հրապարակ»

ԱԺ աշխատակազմի նոր ղեկավարը դատվածություն ունի․ «Հրապարակ»

«Ազգային ժողովի աշխատակազմի նոր ղեկավար Առնակ Ավետիսյանը, պարզվում է, դատվածություն ունի։ Հիշեցնենք, որ մարտի 17-ին Միրզոյանի կարգադրությամբ Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար։ Նա 2018-ից մինչև 2021 թ. մարտի 16-ն աշխատել է Կոտայքի մարզպետի տեղակալ, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ընկերն է, և հենց  վերջինս է միջնորդել, որ նա նշանակվի այս պաշտոնում: Առնակ Ավետիսյանի կենսագրությունից մեզ հետաքրքիր մանրամասներ հայտնի դարձան։ 

Պարզվում է, որ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010թ․ հունիսի 29-ին, իր քրոջ՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության 3-րդ բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Վարդուհի Թամազյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդության քննարկումից հետո, Երևանի Կենտրոն դատարանի շենքի դիմաց ծառայողական պարտականություններ կատարող ՊԵԿ քննչական վարչության 3-րդ բաժնի պետ Վազգեն Շահնազարյանին ծեծի է ենթարկել և նրան պատճառել թեթև մարմնական վնասվածքներ։ Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան 2010թ․ օգոստոսի 13-ին։ Մինչ դատաքննությունն սկսվելը ամբաստանյալ Առնակ Ավետիսյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ համաձայն է մեղադրանքի հետ։

Դատարանը, համոզվելով, որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-1 և 375-2 հոդվածներով նախատեսված պայմանները, որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին: 

Դատարանը, հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, գտել է, որ ամբաստանյալ Առնակ Ավետիսյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք, որի համար պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության և պատժի:

Դատարանը հաշվի է առել այն, որ Առնակ Ավետիսյանը տվել է խոստովանական ցուցմունքներ, զղջում է կատարածի համար, նախկինում արատավորված չի եղել, դրական է բնութագրվում բնակության վայրից, երիտասարդ է, 3-րդ կուրսի ուսանող է, տուժողը չի առարկել, որպեսզի նրա նկատմամբ նշանակվի ազատազրկման հետ չկապված պատիժ:

Որպես մեղմացնող հանգամանքներ՝ դատարանն արձանագրել է առաջին անգամ հանգամանքների պատահական զուգորդմամբ միջին ծանրության հանցանք կատարելը, մեղայականով ներկայանալը, այն, որ ամբաստանյալը տառապում է միզաքարային հիվանդությամբ, որի պատճառով տրվել է զինծառայությունից տարկետում:

Դատարանը վճռել է Առնակ Հարությունի Ավետիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով և դատապարտել տուգանքի 500 հազար դրամի չափով:

Ինչ վերաբերում է Առնակ Ավետիսյանի քրոջը՝ Վարդուհի Թամազյանին, ապա նա դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախություն՝ խոշոր չափերով) և 38-213-րդ հոդվածի 1-ին մասով (վաշխառություն) նախատեսված հանցագործությունների կատարման մեջ: ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 ժամկետով․ ՀՀ Քրեական օրենսգրքի 38-213-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ է նշանակվել տուգանք` Հայաստանում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի` 500 հազար ՀՀ դրամի չափով:

Վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 2 տարի 25 օր ժամկետով և տուգանք՝ 500 հազար դրամի չափով: Ապա կիրառվել է 2009թ. համաներում հայտարարելու մասին որոշումը․ նա ազատվել է նշանակված պատժից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: