կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-13 14:23
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պրն․ վարչապետ, դո՛ւ ես մեր դիվանագիտությունը դարձրել զրո․ Հրայր Կարապետյան

Պրն․ վարչապետ, դո՛ւ ես մեր դիվանագիտությունը դարձրել զրո՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս, ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Հրայր Կարապետյանը ԱԳՆ շենքի առջև Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ։

Նիկոլ Փաշինյանի՝ ԱԳՆ այցի ժամանակ նա բարձախոսով հայտարարեց, որ մարտի 2-ը՝ Դիվանագետի օրը, այս տարի դիվանագետների համար ամենատխուր օրն էր․ դա այն օրն է, երբ ՄԱԿ-ում հանդիսավորությամբ բարձրացվեց ՀՀ պետական դրոշը։

«Այդ օրը բոլորիս պետք է հպարտություն ներշնչի՝ առաջին հերթին այն դիվանագետներին, որոնք այսօր էլ տեղերում ծառայում են։ Սակայն նրանցից շատերն այս տարի Դիվանագետի օրը գլխիկոր են նշել, որովհետև մենք պարտված դիվանագիտություն ունենք․ պատերազմը սկսվում է այն ժամանակ, երբ դիվանագիտությունը պարտվում է, իսկ Հայաստանի թիվ մեկ դիվանագետը երկրի վարչապետն է։ Նա է, որ տապալեց մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները բոլոր մակարդակներում, չէ՞ որ նա քաջատեղյակ էր, որ ՀԱՊԿ-ի վարկաբեկումը չի հանդուրժի Ռուսաստանը, Յուրի Խաչատուրովի դեմ քրեական հետապնդումը չի կարող անցնցում անցնել, նա տեղյակ էր, որ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քաղաքական դատավարությունը նույնպես չի կարող անհետևանք մնալ, տեղյակ էր, որ Իրանի, Չինաստանի հետ հարաբերությունները չի կարելի ձախողել, վարկաբեկել մեր դիվանագիտությունը, ասել, որ մինչև մինչը հիմա ոչինչ չի արվել․․․ Ո՛չ, այդպես չէ, պրն․ վարչապետ, դո՛ւ ես մեր դիվանագիտությունը դարձրել զրո։ Տասնամյակների աշատանքով մենք ունենք բազմաթիվ ձեռքբերումներ դիվանագիտության մեջ»,-հայտարարեց Հրայր Կարապետյանը։

Հիշեցնենք, որ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հրամանով ԱԳՆ համակարգից ազատվել է ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս, ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Հրայր Կարապետյանը: Նա գլխավոր հյուպատոսի պաշտոնից հետ էր կանչվել 2019 թվականի հուլիսից: Վերջին շրջանում Հրայր Կարապետյանը սուր քննադատությամբ էր հանդես գալիս ՀՀ կառավարության ու վարչապետի վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ, հատկապես մատնանշվում էին հայ-ռուսական հարաբերություններում թույլ տրված կոպիտ սխալները: ՀՀ մի շարք դիվանագետների հետ Հրայր Կարապետյանը նույնպես միացել էր այն հայտարարությանը, որով պահանջվում էր ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը:

Նշենք նաև, որ Վազգեն Սարգսյան փողոցի վրա գտնվող կառավարական 2֊րդ մասնաշենքի հարակից հատվածներում առավոտից տեղակայված են դիպուկահարներ և բազմահազար ոստիկաններ, ովքեր ապահովում են Փաշինյանի անվտանգ մուտքը դեպի ՀՀ արտաքին գործերի նախարարության մասնաշենք։ Այս պահին ԱԳՆ շենքի մոտ «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսով ակցիա է իրականացվում։

Մանրամասն՝ տեսանյութում․