կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-09 13:09
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա իշխանության կողմից խոշտանգում է ոչ միայն պրն․ Չարչյանի, այլև մեր մյուս աջակիցների հանդեպ․ Ի․ Սաղաթելյան

Երեկ պրոֆեսոր Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, այս պահին գտնվում է հիվանդանոցում և մենք մեր խմբակցության մի քանի պատգամավորներով եկել ենք տեսակցության մեր ընկերոջը՝ պրոֆեսորի առողջական վիճակին անմիջականորեն ծանոթանալու համար՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հիվանդանոցի առջև լրագրողների հետ զրույցում։

«Շատ հստակ, հիմնավոր փաստերով և՛ փաստաբանները, և՛ բժիշկները խոսել են, որ պրոֆեորի առողջական վիճակը իրոք անհամատեղելի է ընտրված խափանման միջոցի՝ կալանավորման հետ։ Սա պարզապես այսօրվա քաղաքական իշխանության կողմից խոշտանգում է, քաղաքական պատվերով հետապնդում է ոչ միայն պրն․ Չարչյանի, այլ նաև մեր խմբակցության մյուս պատգամավորների ու նաև բազմաթիվ անհատների, աջակիցների նկատմամբ»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը արձանագրեց, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների 10 տոկոսն այսօր ձերբակալված է տարբեր կեղծ, շինծու մեղադրանքներով, այդ թվում նաև Սահմանադրության կոպիտ և ակնհայտ ոտնահարմամբ։

«Սա է այսօրվա իշխանության դիմագիծը, սա է այսօրվա՝ ժողովրդավարական արժեքներից խոսող իշխանության կերպարը»,-եզրակացրեց Իշխան Սաղաթելյանը։

Դիտարկմանը, որ անգամ բժիշկների մասնագիտական հանրույթը միահամուռ աջակցություն չհայտնեց պրոֆեսոր Չարչյանին, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց, որ մարդիկ ունեն խնդիր, որովհետև գիտեն՝ եթե մեկը արտահայտվի, կարծիք հայտնի՝ ինչ ճնշումների է ենթարկվելու։

«Բազմաթիվ հարգարժան դոկտորներ, պրոֆեսորներ, մտավորականներ, բժիշկներ իրենց կարծիքը արտահայտել են, բայց ամբողջ բժշկական հանրույթը հանդես չի եկել նման հայտարարություններով, որովհետև մարդիկ կաշկանդված են, որովհետև գիտեն՝ այս իշխանությունը ինչ վերաբերմունք ունի ազատ խոսքի նկատմամբ»,-նկատեց նա։

Իհարկե, այն մարդիկ, ովքեր համակերպվում են այս բոլոր ապօրինություններին, վերջին հաշվով՝ սրան մասնակից են դառնում՝ եզարկացրեց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․