Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչու է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հարվածի տակ: Այս վերնագրով հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը:
Հայտարարությունում ասվում է. «ՀՀ Սահմանադրությունն ասում է՝ պետությունն ապահովում է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության պատշաճը ֆինանսավորումը։
Օրենքում նշված է ՝ «Յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից: Պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումը կատարվում է ամսական հավասար համամասնությամբ` յուրաքանչյուր ամսվա համար կանխավճարի կարգով»։
Ինչով է սա կարևոր։
Քանի որ գրասենյակը ֆինանսավորվում է պետբյուջեից, օրենսդիրը նպատակ է ունեցել միևնույն ժամանակ այնպիսի մեխանիզմ ստեղծել, որ Կառավարությունը չմիջամտի գրասենյակի անկախությանը, կիրառել ազդեցություն կամ գործադրել ճնշումներ։
Ինչ է անում հիմա ՀՀ Կառավարությունը։
Կառավարությունը որոշել է, որ ՄԻՊ գրասենյակին պաշտպանող այս սահմանադրաիրավական երաշխիքը պետք է վերացնել և ներկայացրել է նախագիծ, որ այդ դրույթը հանի օրենքից։
Ստացվում է, որ այսուհետ Կառավարությունը պետք է հայեցողաբար որոշի, թե որքան գումար է հատկացնելու ՄԻՊ գրասենյակին։ Դա դառնալու է հիանալի գործիք Մարդու իրավունքների պաշտպանին ճնշելու նպատակով։ Վերանալու է գրասենյակի անկախությունը, ինստիտուտը քանդվելու է։
Այսպիսով, կարող ենք անել երեք հետևություն առ այն, որ իշխանությունը․
1. Չի հանդուրժում Մարդու իրավունքների պաշտպանի անկախությունը և նպատակ ունի սահմանափակել այն։
2. Չի գիտակցում, որ վերացնելով օրենքում սահմանված այս երաշխիքը, վտանգի տակ է դնում ինստիտուտի գոյությունը։
3. Ենթադրենք հանդուրժում է ՄԻՊ անկախությունը, գիտակցում է փոփոխության հետևանքները, բայց գնում է այս քայլին՝ չգնահատելով Մարդու իրավունքների պաշտպանի դերը մեր պետության անվտանգության, ժողովրդավարության և հանրային բարօրության համար։
Երեք դեպքում էլ իշխանությունը անդառնալի վնասարարությամբ է զբաղված։
Չգիտեմ, միգուցե վերջին տարիներին ՄԻՊ ազդեցության և վստահությանը աճը իշխանությանը անհանգստացնու՞մ է։
Եթե չի անհանգստացնում, ուրեմն այս օրենքը Ազգային ժողովում մեծամասնության իշխանական պատգամավորները կմերժեն՝ ապացուցելով ինստիտուտի նկատմամբ հարգանքը և կարևորության զգացումը»։