կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-10 16:38
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տարոն Ղազարյանին և այլ ակտիվիստների բերման ենթարկեցին նախագահի նստավայր պաղպաղակ նետելու համար

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանին և մի շարք անդամների, ինչպես նաև ակտիվիստ Համբարձում Նանյանին ու այլ ակտիվիստների ոստիկանները ապօրինի, անհամաչափ ուժ գործադրելով բերման ենթարկեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրի դիմաց  բողոքի խաղաղ ակցիա իրականացնելու համար՝ հայտնում է Yerkir.am-ը։

Ցուցարարները պաղպաղակ նետեցին ՀՀ նախագահի նստավայր՝ դատապարտելով Արմեն Սարգսյանի անհոգությունը և ապազգային կեցվածքը։

Ցուցարարներից՝ Թադևոս Սարգսյանն ասաց, որ եկել են երկրի նախագահին հիշեցնելու, որ նրա զբաղեցրած պաշտոնը չի համապատասխանում նրա գործողություններին։

«Նա, հանդիսանալով պետության գլուխը, Սահմանադրության երաշխավորը, բացի երեխաների հետ պաղպաղակ ուտելուց ուրիշ ոչ մի գործունեությամբ չի զբաղվում։ Մենք պաղպաղակներն իրեն նվիրելով՝ ևս մեկ անգամ ցանկանում ենք հիշեցնել, որ նա իր արյունոտ գործողություններով ոչնչացնում է հենց այդ երեխաների ապագան»,-ասաց Թադևոս Սարգսյանը։

«Պաղպաղակ ենք նետել՝ ասելու, որ մեր հանրապետության նախագահը այլևս մեր մանուկներին պաղպաղակով չխաբի։ Ով երկրի պետականությանը դեմ է, մի բան էլ ավել կարող են հյուրասիրել, շատ նուրբ ա սա իրենց համար։ Ակցիաները օրենքի սահմանում ենք իրականացնում»,-ոստիկաններին ասաց ցուցարար Համբարձում Նանյանը։

Ոստիկանական մեծաթիվ ուժերը արգելեցին ակցիայի մասնակիցների տեղաշարժը մինչև որոշեն՝ ինչ խախտման համար կարող են նրանց բերման ենթարկել։ Ապա հայտարարեցին, որ նրանք հասարակական վայրը աղտոտում են։

«Նախագահը մեր մանուկներին հյուրասիրում էր պաղպաղակ և հիմա իր այս զիբիլ գործն է իրականացնում․ նույն բանն է։ Երբ գալիս է հարցը, որ լծվի պետականությանը, ինքն արդեն դառնում է Անգլիայի թագուհին»,-հայտարարեցին ցուցարարները։

Նրանք ասացին՝ եթե իրենց օրինական ծանուցեն, կներկայանան ոստիկանական բաժանմունք։ Այսուհանդերձ, ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, քաշքշելով բերման ենթարկեցին մոտ մեկ տասնյակ ցուցարարների։

«Նիկոլ, դավաճան»՝ վանկարկեցին ցուցարարները ոստիկանական մեքենայից։

Մանրամասն՝ տեսանյութում․