Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պռոշյանի «Զորաց» պանթեոնում այսօր՝ մարտի 8-ին, տեղի ունեցավ նորագիր 19 ՀՕՄ-ուհիների՝ Հայ օգնության միությանն անդամակցող կանանց ուխտի արարողությունը։
Ավանդույթի համաձայն՝ մինչ ՀՕՄ-ին միանալը, խորհրդավորությամբ կատարվում է ուխտի արարողություն։ Կանայք երդվում են անձնվիրաբար եւ խոնարհաբար ծառայել հայ ժողովրդին ու հայրենիքին:
Սրբազան վայրը պատահական չէր ընտրվել․ «Զորաց» պանթեոնում ամփոփված են Արցախյան պատերազմներում ընկած մեր հերոսները։
Հայ օգնության միության հայաստանյան շրջանային վարչության ատենապետուհի Մարինե Համբարձումյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ պատերազմի ժամանակ ՀՕՄ-ը հսկայական աշխատանք է տարել․ այցելել են հիվանդանոցներ, զորավիգ են եղել վիրավորված, զոհված հերոսների ընտանիքներին։ «Այո, այս վայրը պատահական չի ընտրվել։ Պատերազմի ժամանակ 1 օրում մենք ունեցանք 17 զոհ հենց Պռոշյանից։ Գումարտակի տղաները խնդիր են ունեցել՝ դիմել են մեզ, մենք ենք խնդիր ունեցել՝ դիմել ենք նրանց։ ՀՕՄ-ականի պարտականությունն օգնելն է՝ զինվորին, որբին, անտունին։ Երբ իմացանք, որ կան տեղահանվածներ, ՀՕՄ-ը նորից ոտքի կանգնեց՝ տեր կանգնելու խնդիր ունեցող ընտանիքներին»,- ասաց նա՝ նշելով, որ ՀՕՄ-ի կենտրոնական վարչությունը 1000 ընտանիքի ամսական տրամադրել է 250 ԱՄՆ դոլար, որպեսզի ծանր, դժվար ամիսներին մարդիկ կարողանան իրենց կեցությունն ապահովել։
«Մեզ մշտապես աջակցել են Հայ Յեղափոխական Դաշնակցության մեր ընկերները։ Դաշնակցության հետ կապը բավականին ամուր է։ Այսօր տղաների շիրիմներին այցելելիս նաեւ ուզում ենք ցույց տալ, որ իրենց ընտանիքներին չենք մոռանա, որ իրենց արած աշխատանքը երկրի, խաղաղության համար շատ մեծ է։ Ցավ եմ ապրում, որ մեր հերոսների արածին համարժեք պատասխան չեղավ։ Նրանք չգիտեին, որ Շուշին եւ Հադրութը պիտի տրվեր»,- ասաց Մարինե Համբարձումյանը։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
Լիանա Սարգսյան