կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-24 20:14
Քաղաքական

Կառավարությունը չի հերքում. գաղտնի փաստաթուղթը իրական է, իսկ Փաշինյանը ստում էր

Կառավարությունը չի հերքում. գաղտնի փաստաթուղթը իրական է, իսկ Փաշինյանը ստում էր

Համացանցում տարածվել է ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների՝ նոյեմբերի 9-ին կնքված համատեղ հայտարարության 9-րդ կետի վերաբերյալ եռակողմ հուշագիրը՝ իր համապատասխան դրույթներով, որով սահմանվում են Գորիս–Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն ավտոճանապարհի անվտանգ օգտագործման պայմանները։

Իրակա՞ն է, արդյոք, շրջանառվող փաստաթուղթը: Եթե իրական է, ապա ինչու՞ է այն գաղտնի պահվել, իսկ վարչապետը բազմիցս հայտարարել, թե Սյունիքի հատվածում դիրքերի հանձնումը (այն է՝ Զանգելանի և Կուբաթլիի շրջանների ամբողջական հանձնումն Ադրբեջանին) եղել է բանավոր ըմբռնմամբ: Ինչու՞ են ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այս ընթացքում հայտարարել, որ, բացի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, գոյութոյւն չունի այլ փաստաթուղթ: Իսկ եթե իրական չէ այն, ապա ինչու՞ մինչ օրս պաշտոնապես չի հայտարարվել այն մասին, որ մեծ աղմուկ բարձրացրած այդ փաստաթուղթը կեղծ է:

Վերոհիշյալ հարցադրումներով մեր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Կառավարությունը մատնանշում է ՀՀ ՊՆ-ի՝ փետրվարի 11-ին տարածած հայտարարությունը: ՀՀ ՊՆ-ի նշված հայտարարության մեջ էլ մատնանշվում է կրկին ՀՀ ՊՆ-ի՝ 2020 թ. դեկտեմբերի 19-ին տարածած հայտարարության 3 կետերը. «1. Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր: 2. Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով: 3. Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից: Նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելու են անհրաժեշտ համալիր միջոցառումներ»:

Ի հավելումն 2020 թ. դեկտեմբերի 19-ին տարածած հայտարարության՝ ՊՆ-ի՝ փետրվարի 11-ին տարածած հայտարարության մեջ ավելացված է ևս մեկ պարբերություն. «Այսպիսով, վերոնշյալ համալիր միջոցառումների շրջանակներում քաղաքացիների տեղաշարժման, տրանսպորտային միջոցների, բեռների փոխադրման անվտանգությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհահատվածում տեղակայվել են ՀՀ և ՌԴ սահմանապահ ծառայությունները: ՌԴ սահմանապահների կողմից վերոնշյալ ճանապարհների անվտանգության վերահսկողությունն ապահովելու պայմանավորվածություն ձեռք է բերվել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների միջև»:

Կառավարությունը, փաստորեն, մեզ ներկայացված գրավոր պատասխանով հաստատում է, որ շրջանառվող աստաթուղթը իրական է։ Այլապես՝ միանշանակորեն կհայտարարվեր (և դա կարվեր առանց մեր հարցման կամ անկախ մեր հարցումից), որ այն կեղծ է: Երկրորդ և երրորդ հարցերին չեն պատասխանել, որովհետև հազիվ թե Կառավարությունից խոստովանեին, որ պետական այրերը խաբել են հասարակությանը։

Ըստ այդմ՝ արձանագրենք հետևյալը. երբ Փաշինյանն ու թիմակիցներն ասում էին, թե բացի նոյեմբերի 9-ի հայտարարությունից՝ այլ փաստաթուղթ չկա, ապա դրանով ստորաբար խաբում էին սեփական ժողովրդին և ապահովում հայրենիքի, տվյալ դեպքում՝ Սյունիքի ռազմավարական կարևորագույն հատվածների խաղաղ, անցնցում և դավաճանական հանձնումը թշնամուն:

Վահե Սարգսյան