Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքները (այսուհետ՝ Օրենքներ) Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2021թ. փետրվարի 4-ին: Օրենքները ուսումնասիրվել են Հանրապետության նախագահի աշխատակազմի և անկախ փորձագետների ու իրավաբանների կողմից:
Հանրապետության նախագահը կարևորում է դատական համակարգի դերն ու նշանակությունը պետության կենսագործունեությունն ու հասարակության բնականոն կյանքն ապահովելու հարցում:
Իրավունքի գերակայության, օրինականության, օրենքի ու դատարանի առջև հավասարության և գործի արդարացի քննության սկզբունքների վրա հիմնված դատաքննության իրականացումը, անկախ և անաչառ դատարանի կողմից արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետներում գործերի քննության իրավունքի երաշխավորումը անհրաժեշտ պայմաններ են պետության և դատական համակարգի հանդեպ վստահության ամրապնդման, արդյունավետ արդարադատության իրականացման համար:
Օրենքների կիրառումը չպետք է խնդրահարույց լինի Սահմանադրությամբ ամրագրված՝ դատավորների անկախության ու անաչառության սկզբունքների պահպանման, արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն բացառելու տեսանկյունից:
Օրենքների վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները և փորձագիտական կարծիքները հանգեցրել են այն եզրակացության, որ Օրենքներն առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից:
Հանրապետության նախագահը չի ստորագրել Օրենքներն ու համապատասխան իրավական հիմնավորումներով և փաստարկներով դիմել է Սահմանադրական դատարան՝ Օրենքների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն