կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-22 13:10
Առանց Կատեգորիա

«Երկիր»-ի 1991-1994 թթ. համարների ևս մի խմբաքանակ ի պահ տրվեց խմբագրությանը

«Երկիր»-ի 1991-1994 թթ. համարների ևս մի խմբաքանակ ի պահ տրվեց խմբագրությանը

Նվիրյալ դաշնակցական Սամվել Քոչարյանը, որը ժամանակին հավաքել և անձնական արխիվում  խնամքով պահել է «Երկիր»-ի, «Ազատամարտի-ի» և «Դրօշակ»-ի՝ տարբեր տարիների հրատարակությունները, այսօր «Երկիր»-ի խմբագրությանը հանձնեց «Երկիր» պարբերականի՝ 1991 թ. առաջին համարից մինչ տերպետրոսյանական իշխանությունների կողմից թերթի ապօրինի փակման օրը՝ 1994 թ. դեկտեմբերի 28-ը, լույս տեսած բոլոր համարները, որոշ խմբաքանակ նաև «Ազատամարտ»-ից և «Դրօշակ»ից:

Արժևորելով Սամվել Քոչարյանի նախաձեռնությունը՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը և ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը շնորհակալություն հայտնեցին նրան և՛ 1990-ական թթ. դժվարին օրերին «Երկիր»-ի օրինակները մեկտեղելու, և՛ դրանք շուրջ 25 տարի խնամքով պահպանելու ու, ի վերջո, խմբագրությանն ի պահ տալու համար:

Սամվել Քոչարյանը, որը ծնունդով ՀՀ Աբովյան քաղաքից է, 1995 թվականից ապրել և գործել է Արցախի ազատագրված շրջաններից մեկում՝ Քաշաթաղի շրջանում: Ստեղծելով իր երկրորդ տունն ու կեցության պայմանները՝ նվիրյալ ընկերը շուրջ քառորդ դար Բերձոր քաղաքում զբաղվել է հասարակական-քաղաքական և կրթամշակութային բուռն գործունեությամբ: Հիմնել և ղեկավարել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների դպրոց, նախաձեռնել և իրականացրել կրթական ու մշակութային բազմաթիվ ծրագրեր՝ նոր շունչ տալով Արցախի դարպաս հանդիսացող Բերձոր քաղաքին ու Քաշաթաղի շրջանին:

Ցավոք, Արցախի՝ Փաշինյանի իշխանությունների կողմից դավադրաբար թշնամուն հանձնված կարևորագույն շրջանների թվում էր նաև Քաշաթաղի շրջանը (խորհրդային կարգերի ժամանակ Արցախից խլված տարածքների հենքի վրա Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմում ձևավորված Լաչինի, Կուբաթլիի և Զանգելանի շրջաններ): Արդյունքում՝ Սամվել Քոչարյանը ևս ստիպված էր թողնել երկրորդ հայրենիքը դարձած Բերձորը. քաղաք և շրջան, որին նվիրել էր իր կյանքի լավագույն 25 տարիները, բաժանվել ցիրուցան եղած սիրելի սաներից ու բերձորցիներից՝ ճակատագրի բերումով կրկին վերադառնալով ծննդավայր Աբովյան:

Yerkir.am-ի խմբագրակազմը, խոնարհվելով Սամվել Քոչարյանի անցած ուղու և հայրենաշեն գործերի առջև, իր խորին շնորհակալությունն է հայտնում նրան օրվա նախաձեռնության համար՝ մաղթելով, որ, ինչպես Սամվել Քոչարյանը, այնպես էլ Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված շրջաններից դուրս եկած մեր բոլոր հայրենակիցներն օր առաջ վերադառնան իրենց հարազատ շեներ:  

 

Վահե Սարգսյան