Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայրենի ոստիկանությունը նորից կորցրել է իրականության զգացողությունն ու պատմական հիշողությունը: Վահե Ղազարյանին ու նրա ղեկավարած կառույցին թվում է, թե իրենցից առաջ կյանք չի եղել, ցույցեր չեն եղել, ոստիկանություն՝ ևս:
Երեկ ոստիկանությունը մի հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է՝ տեղեկություններ կան, որ որոշ գործատուներ, իրենց լծակներն օգտագործելով, աշխատողներին պարտադրում են մասնակցել հանրահավաքներին: Ապա նրբորեն սպառնում են. «Հայտնում ենք, որ նման պարտադրանքը մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործություն Չնախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 143- րդ հոդվածի (Մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելը) հատկանիշներով, և պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Կոչ ենք անում ձեռնպահ մնալ այդպիսի ձեռնարկներից, իսկ քաղաքացիները, որոնք բախվել են նման երևույթի, կարող են դիմել ոստիկանություն կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով»:
Փաստորեն, ոստիկանությունը մոռացել է 2018 թվականի «հեղափոխություն» կոչված իրադարձությունները, թե ինչպես էին բազմաթիվ հիմնարկ-ձեռնարկություններից, իրենց իսկ ղեկավարների ցուցումով կամ պարտադրանքով, աշխատողները խմբերով իջնում հրապարակ՝ «Սերժին մերժելու»:
Մասնավորապես, այդ օրերին տեղեկություններ տարածվեցին, որ աշխատանքային ժամերին, օրը ցերեկով, ընդդեմ Սերժ Մարզպանի իշխանության կազմակերպված ցույցերին մասնակցելու էին գալիս «Տաշիր գրուպի», ՀԷՑ-ի, Կարեն Կարապետյանի ազդեցության տակ գործող «Գազպրոմ Արմենիայի», Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլի» և այլ հայտնի ու անհայտ դեմքերին պատկանող ընկերությունների աշխատակիցներ: Այս ամենը, բնականաբար, տեսնում էր ոստիկանությունն ու որևէ քայլ չէր ձեռնարկում: Ավելին՝ նույն այդ ցույցերին ակտիվ մասնակցում էին դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները՝ խմբերով-շարվեշարան միանալով հեղափոխականների ակցիաներին, չնայած օրենքն արգելում է կրթօջախները քաղաքականացնելը և անչափահասներին էլ ներգրավելը:
Իսկ պետական մարմինների՝ նախարարությունների աշխատողներն առհասարակ մեկուկես ամիս չէին աշխատում: Ոստիկանությունը, մյուս իրավապահ մարմինները, կառավարությունը՝ զրո արձագանք: Այն ժամանակ, ի դեպ, Արցախը չէին հանձնել դեռ, 5 հազար և ավելի զոհ ու վիրավոր էլ չէինք տվել, Սյունիքն էլ վտանգված չէր, ընդամենը Սերժին էին մերժում, որ բերեին Նիկոլին: Հիմա իրենց բերած Նիկոլը հայրենիքը դրել է վտանգի տակ, ու հայրենի ոստիկանությունն օրենքով սպառնում է՝ հանկարծ չհամարձակվեք աշխատանքից դուրս գալ և մասնակցել միտինգի՝ հանուն հայրենիքի: Ինչ տարբերություն, ոստիկանությունն այն ժամանակ էլ էր ոստիկանություն, ուղղակի այն ժամանակ ոստիկանապետը Վովա Գասպարյանն էր, հիմա՝ Վահե Ղազարյանը»,- գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: