«Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են տաքսամոտորային փոխադրումների ոլորտում առկա վիճակը և առաջարկվող լուծումները: Ասել է թե՝ բոլոր խնդիրները լուծել է՝ տարածքային, հետպատերազմա- կան, սահմանային, ճանապարհային, ընտրական, հոգեբանական, աշխարհաբաղաքական, և հիմա որոշել է անցնել տաքսիների ոլորտի «կարգավորմանը»: Ու դա՝ այնպես, ասես ոչինչ էլ տեղի չի ունեցել երկրում, ու, հավանաբար, այդ՝ «նախկիններից մնացած տաքսիստների» պատճառով է այսպես եղել, որ այսքան զոհ ու հեկտարներով տարածք տվեցինք, ուստի հարկավոր է օր առաջ կարգավորել այդ ոլորտը:
Կառավարությունից ստացված պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է. «Անդրադարձ է կատարվել ոլորտում առկա անհավասար հնարավորություններին, լիցենզիայի տրամադրման գործընթացներին, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ հնարավոր քայլերին, կանոնավոր ուղևորափոխադրումների և տաքսի ծառայությունների կանոնակարգմանը»: Այստեղ տեղին է հիշել 2018-ի սեպտեմբերը, երբ Փաշինյանը մի քանի ամիս էր, ինչ «ժողովրդի ընտրյալ վարչապետն» էր ու անմիջապես նախաձեռնեց տաքսիստներին սիրաշահելու պրոցես՝ իբրև թե դրանով տաքսի ծառայությունների ոլորտն է կարգավորելու: Արդյունքում նրա մոտ ստացվեց միայն տաքսիստներին սիրաշահելը, քանզի, եթե նախկինում տաքսիստները գոնե հարկ էին մուծում, դեղին համար էին հանում, լիցենգավորվում էին, Փաշինյանը գրչի մեկ հարվածով վերացրեց դա ու ջրեց տուգանքները: Եվ ոլորտում սկսեց տիրել տոտալ քաոս, տաքսիստների լեզվով ասած՝ «բարդակ»:
«ՀՀ կառավարությունը քննարկում է Հարկային օրենսգրքի փոփոխությունների հարցը և շատ լավ որոշման է հանգում անհատ տաքսիների վարորդների համար: Անհատ տաքսու վարորդները կազատվեն հարկային որևէ պարտավորությունից, և նրանք հնարավորություն կունենան իրենց գործունեությունն իրականացնել ավելի ագատ պայմաններում»,- 2018-ի սեպտեմբերի 18-ին ֆեյսբուբյան իր հերթական ուղիղ եթերի ժամանակ ավետեց Նիկոլ Փաշինյանը:
Կարճ ասած՝ մի «լայվով» խաչ քաշեց ոլորտի վրա, ինչը մեծ ոգևորությամբ ընդունեցին տաքսիստները, որոնք Փաշինյանի հիմնական ընտրազանգվածն էին և ձայն էին տվել «փրկչին»: Հիմա «փրկիչը» որոշել է հետողորմյա անել իր որոշումը, քանզի հասկացել է, որ իր պոպուլիստական քայլը հանգեցնում է ավերիչ հետևանքների: Տաքսիների ոլորտում բառացիորեն անտերություն է տիրում, ով հասցնում՝ տաքսի է վարում, հազար տարվա հնամաշ, կիսախարխուլ, տեխսպասարկում չանցած, փնթի մեքենաներով դուրս են գալիս փողոց՝ ուղևոր որսալու, վարորդներն էլ իրենց մեքենաների պես են փնթի ու հակասոցիալական: Սա, բնականաբար, հանրության առողջության ու անվտանգության դեմ ուղղված հստակ մարտահրավեր է, որի դեմը քիչ թե շատ առել էին նախկին իշխանությունները, սակայն Փաշինյանը եկավ ու որոշեց պոպուլիստաբար խորացնել այս աղետալի վիճակը: Հիմա նորից ինչ-որ կարգավորումներ կմտածի, խստացումներ կմտցնի, տաքսիստներին կբերի հարկային դաշտ, և իրեն ձայն տվածները նորից դուրս կգան փողոց՝ դժգոհելով իրենց «փրկչից»»,- գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: