Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ որ Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ, հեղափոխական երիտասարդները հայտարարում էին, թե ամենուր լինելու են հեղափոխական փոփոխություններ, եւ մարդիկ տեսնելու են, թե ինչպես են տարիներով չլուծված հարցերը լուծում ստանալու: Ավա՜ղ, սխալվեցինք:
«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը եղել է «Կիլիկիա» ավտոկայանում՝ պարզելու՝ արդյոք հեղափոխությունից 3 տարի անց արդեն ունենք եվրոպական չափանիշներով ավտոկայան: Նախկինում տրանսպորտի, իսկ այսօր ԲՏ նախարար Հակոբ Արշակյանը, իսկ այժմ էլ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը մեծ թափով ավտոկայանի նախկին անձնակազմին վերից վար փոխեցին՝ այդպես հայտարարելով, թե արդարություն են վերականգնում եւ փրկում կայարանը կործանումից՝ տանելով դեպի զարգացում: Բայց այն, ինչ արձանագրեցինք, իրականում հիասթափեցնող էր:
Կհիշեք՝ դեռեւս 2019 թվականին այդ ավտոկայանի հակասանիտարական վիճակին անդրադարձել է անգամ ներկայիս Բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը (2019-ին տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար էր):
Նախարարը ուղիղ հեռարձակմամբ հայտարարել էր. «Ահավոր հակասանիտարական վիճակ է հատկապես զուգարաններում, տասնյակ տարիների ընթացքում որեւէ աշխատանք չի իրականացվել»: Այսպիսով, ավտոկայանի ճակատագիրը փրկելու համար Արշակյանը Ռոման Համբարձումյանին նշանակեց տնօրեն:
Այս ինքնագոհ երիտասարդը հայտարարում էր, թե ներդնելու է էլեկտրոնային միասնական տոմսային համակարգ, վերացնելու է ավտոկայանի հակասանիտարական վիճակը: Բայց ինչպես փորձն է ցույց տալիս, նման մեծամիտ հայտարարություններ անողները սովորաբար անգործունակ են լինում եւ ընդամենը օդում պղպջակ արտադրողներ են:
Ամեն դեպքում, նախարարների նշանակած կադրերի աշխատանքի արդյունավետության մասին հայտարարությունների հետքերով գնալով՝ «Ժողովուրդ» օրաթերթը «Կիլիկիա» ավտոկայանում արձանագրեց, որ Ռոման Համբարձումյանն իր աշխատանքային մի քանի ամիսներում միայն զուգարանն է նորոգել: Այսինքն՝ մի քանի ամիս էր պետք ավտոկայանի փրկչին զուգարան նորոգելու համար: Բայց զավեշտը դեռ այսքանով չի ավարտվում. ArmLur.am լրատվականը պարզեց, որ զուգարան նորոգած Ռոման Համբարձումյանն այդ գործը արել է՝ ոչ ի շահ քաղաքացու, այլ կոմերցիոն նպատակներով:
Այսօր զուգարանից օգտվելու համար ե՛ւ վարորդները, ե՛ւ քաղաքացիները 100 դրամ են վճարում ավտոկայանում:
Բայց այդ ընթացքում զուգարան նորոգած Ռոման Համբարձումյանը միայն ավտոկայանի տնօրենը չի եղել. նա միաժամանակ «Veolia Armenia» ԵՏԱՏ Կենտրոն տեղամասի պետ էր: Այսինքն՝ միաժամանակ 2 աշխատանք ուներ եւ, բնականաբար, չէր կարող 2 տեղ աշխատանք ունեցող մարդը զուգարան նորոգելուց բացի այլ բան հասցնել: Համենայնդեպս, վարորդները մեզ հետ զրույցում նկատեցին, որ Համբարձումյանին շատ են տեսել «ջրմուղի մեքենայով» ավտոկայան գալիս ու շուտ գնալիս:
«Կիլիկիա» ավտոկայանի պետ Սամվել Խաչատրյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ ինքը պաշտոնավարման 3 ամիսների ընթացքում հասցրել է մի շարք խնդիրներ լուծել. «Ամբողջ ավտոկայանը այժմ լուսավորվում է. խոսքը դրսի արտաքին լուսավորման մասին է:
Նախկինում ավտոկայանի դահլիճում մութ է եղել, այժմ լուսավոր է: Ավտոկայանի տանիքն է մասնակի վերանորոգվել, նախկինում ջուրը չռռում էր: Մասնակի վերանորոգում արեցինք, այդ ջրերը կտրեցինք»:
Այսպիսով, Ռոման Համբարձումյանը արդեն 3 ամիս է՝ ավտոկայանի տնօրենը չէ, փոխարինող ունի, բայց գործող իշխանությունը ոչ թե պատժել է ձախողած տնօրենին, այլ մոռացության մատնել:
Բայց զուգարան նորոգած Ռոման Համբարձումյանին նրա թշնամիները չեն մոռացել, եւ նույնիսկ տնօրենի պաշտոնը չկարողացավ օգնել՝ խուսափելու վրեժխնդրությունից:
Դեռեւս 2019 թվականի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Ռոման Համբարձումյանի սեփական տան բակում անհայտ անձինք այրեցին նրա ավտոմեքենան: Ովքեր էին, ինչու՝ այդպես էլ լայն հանրությունը չիմացավ: Թերեւս դրա համար էլ «Վիոլիա ջուր»-ի ավտոմեքենայով էր երթեւեկում»:
Ավելի մանրամասն՝ այսօրվա համարում։