Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Պարոն Փաշինյան, հստակ հարց էի տվել՝ ըստ Ձեզ Շուշին՝
ա. հայկական է
բ. ադրբեջնական է:
Ձեր պատասխանը դիտարկում եմ որպես լրագրողական մանիպուլյացիայի շատ կոնկրետ օրինակ:
ՀՀ վարչապետից ակնկալում էի լսել, որ հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին հայկական է՝ իր ցանկացած կարգավիճակով:
Եվ ուրեմն, եկեք արձանագրենք՝ Նիկոլ Փաշինյանն իր այս ելույթով փաստեց, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինի առաջարկը ընդունելու դեպքում Շուշին մնալու էր Արցախի կազմում:
Այսինքն՝ քաղաքի ադմինիստրացիան, ոստիկանությունը, ԱԱԾ-ն եւ մյուս իրավապահ մարմինները լինելու էին հայկական: Ինքներդ ձեզ հարց տվեք՝ արդյո՞ք այս պայմաններում ադրբեջանցի փախստականները կվերադառնային Շուշի:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով Շուշի քաղաքի մասին, նշեց, որ ԱԺ-ում արած իր հայտնի հայտարարությունը Շուշիի կարգավիճակի, ոչ թե ծագումնաբանության մասին էր, մենք պատմական հարց չենք քննարկել, թե Շուշին ով է հիմնադրել, ովքեր են ապրել Շուշիում 20-րդ դարի սկզբին:
Հայաստանի Հանրապետության ԶՈւ կազմավորման տոնին Եռաբլուրում, ի պատասխան Yerkir.am-ի լրագրող Լիա Սարգսյանի հարցին, թե արդյոք Շուշին ադրբեջանակա՞ն է համարում, ինչի մասին նա հայտարարել է Ազգային ժողովում, Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Իմ մեջբերումը թղթի վրա կբերեք Դուք անձամբ, որ ես ասել եմ, թե Շուշին ադրբեջանական է, և ուղիղ եթերում ես Ձեզ կպատասխանեմ»:
««Այսինքն՝ հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով» արտահայտությամբ ես պատասխանել եմ պատգամավորի՝ «Շուշին մնալով մեր վերահսկողության ներքո՝ պատերազմը կանգնեցնելու պայմանով» հարցին: Ուրեմն ինչի մասին է խոսքը. դուք գիտեք, որ պատերազմի ընթացքում եղել է պատերազմը կանգնեցնելու տարբերակների մասին խոսակցություն, և ադրբեջանական կողմը պայման է առաջադրել՝ ադրբեջանցի փախստականների վերադարձը Շուշի քաղաք, ըստ էության, խոսքը վերաբերում էր 92 թվականի ժողովրդագրական ստատուս-քվոն վերականգնելու հնարավորության մասին: Այսինքն՝ երբ մենք համաձայնել էին պատերազմը կանգնեցնել, առաջ եկավ նոր պայման, այդ նոր պայմանն այն է, որ Շուշի պետք է վերադառնային Ադրբեջանի փախստականները՝ համաձայն 1992 թվականի գոյություն ունեցած ստատուս-քվոյի»,-մեկնաբանեց Փաշինյանը: