կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-29 19:30
Քաղաքական

Դատախազությունը ուսումնասիրում է Yerkir.am-ի լրագրողի պաստառը պատռելու հանգամանքը

Դատախազությունը ուսումնասիրում է Yerkir.am-ի լրագրողի պաստառը պատռելու հանգամանքը

Դատախազությունն ուսումնասիրում է Yerkir.am-ի լրագրողի պաստառը պատռելու հանգամանքը. այս մասին տեղեկացրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ սոցցանցում քաղաքացիներից մեկի անդրադարձի մեկնաբանությունների դաշտում կատարած իր գրառմամբ: «Տեսագրությունը տեսել ենք, արձանագրվել է մեր կողմից, ուսումնասիրվում է»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ այսօր «Շուշին՝ ա) ադրբեջանական է, բ) հայկական է» տարբերակները պաստառի վրա նշելով՝ Yerkir.am-ի լրագրող Լիանա Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանի խնդրանքով, անձամբ ներկայացել է Կառավարության շենքի բակ և ընթերցել վարչապետի հայտարարությունը ԱԺ ամբիոնից՝ «ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»։ Լրագրողը հայտարարել է՝ ակնկալում է, որ Նիկոլ Փաշինյանը կկատարի իր խոստումը, կիջնի և պաստառի վրա գրված տարբերակներից մեկը կընտրի՝ Շուշին ադրբեջանակա՞ն է, թե՞ հայկական։ 

Շրջակայքում գտնվող՝ Նիկոլ Փաշինյանի համակիր կանանցից մեկը, սակայն, հափշտակեց պաստառը, պատռեց ու սկսեց հարվածներ հասցնել և  հրհրել լրագրողին։

Լիանա Սարգսյանը ամփոփեց ակցիան․ «Բռնությամբ ձեռքիցս խլեցին պաստառը, պատռեցին։ Այստեղ իրավիճակը բավականին վախեցնող է, այս իրավիճակը այլևս անհանդուրժելի է։ Ցանկացած պատեհ առիթի կարող եմ վարչապետին նորից այդ հարցադրումը անել, քանի որ ես, որպես ՀՀ քաղաքացի, ուզում եմ, ի վերջո, հասկանալ՝ մեր վարչապետը Շուշին համարում է հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական»։

 

Տես նաև՝ Փաշինյանի անվտանգությունն ապահովողները հրում և մեկուսացնում են Շուշիի մասին հարց տված լրագրողին:

Տես նաև՝ Շուշին ադրբեջանակա՞ն է, թե՞ հայկական․ Yerkir.am-ի լրագրողը, Փաշինյանի խնդրանքով, հարցը տարավ կառավարություն: