Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, սկսել են այցելություններ մարզեր, որոնք առաջին հայացքից քարոզարշավի են նման: Ընդդիմադիրների առաջին կանգառը Գյումրին էր, որտեղ նրանց դիմավորում էր իշխանությունների կազմակերպած «դժգոհների» խումբը՝ «Դավաճան», «Նիկոլ՝ վարչապետ» սակարկումներով: Գյումրիին հաջորդեց Վանաձորը, երեկ էլ ընդդիմությունը Կապան էր մեկնել: «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին խնդրեցինք ժողովրդի հետ հանդիպումների մասին իր տպավորությունները ներկայացնել: Նա ասաց․ «Ժողովուրդը ոգևորությամբ է ընդունում «Հայրենիքի փրկության» շարժման ներկայացուցիչների այցը մարզեր, ունենում ենք բաց զրույց, պատասխանում ենք ժողովրդին հուզող բոլոր հարցերին, և նկատելի է, որ մարդիկ ստանում են այն հարցերի պատասխանները, որոնք չունեն, կամ իրենց մոտ ինչ-ինչ պատճառներով տարակուսանք է առաջացրել ստեղծված իրավիճակը, և ավելի ու ավելի են համոզվում «Հայրենիքի փրկության» շարժման կողմից առաջ մղվող գաղափարների ճշմարտացիության մեջ ու պատրաստակամություն են հայտնում աջակցել շարժմանը»:
-Մարդկանց մե՞ծ քանակ է մասնակցում ձեր հանդիպումներին:
-Կոնկրետ Վանաձորում շուրջ 1000 մարդ է մասնակցել, դահլիճում եղել է մոտ 700 մարդ, որովհետև նստատեղերից բացի, կանգնած էին մարդիկ, դրսում սպասում էին մեր հայրենակիցները, որոնց համար ֆիզիկապես հնարավորություն չեղավ ներս մտնել: Նույնը վերաբերում է Գյումրիին: Հստակ երևում է, որ մեր ժողովուրդն ունի հետաքրքրություն դեպի «Հայրենիքի փրկության» շարժումը:
-Ի՞նչ հարցեր են ուղղում ձեզ՝ շարժման անդամներին:
-Նախ, մարդկանց հետաքրքրում է ապագան, մենք խոսում ենք ապագայի մասին: Նիկոլ Փաշինյանին որպես գործոն մենք այլևս չենք դիտարկում, Նիկոլ Փաշինյանը պարտված ղեկավար է, պարտության սիմվոլ է, և նա օր առաջ պետք է հեռանա, դա ընկալելի և ընդունելի է հասարակության գրեթե 100 տոկոսի համար: Մարդկանց շատ է հետաքրքրում, թե ինչ է լինելու Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո, և մենք փորձում ենք պատասխանել այդ հարցերին, տալ սպառիչ պատասխաններ, ներկայացնում ենք մեր ծրագրերը և, իհարկե, չենք մոռանում, որ օրակարգում առաջինը Փաշինյանի հեռացման հարցն է:
-Դուք հիմա բավականին դրական եք ներկայացնում հանդիպումները, բայց օրեր առաջ մի խումբ գյումրեցիներ ձեզ չէին թողնում մտնել քաղաք:
-Դա հստակ, ուղղորդված մի խումբ մարդկանց կազմակերպած ակցիան էր, դա համաժողովրդական տրամադրությունները չի արտահայտել, եղել են 20-25 հոգի մարդիկ, որոնց վերաբերյալ մամուլում եղան հրապարակումներ, թե ովքեր են նրանք, ինչ պատճառներով են դուրս եկել և փորձել խոչընդոտել «Հայրենիքի փրկության» շարժման մասնակիցների այցը Գյումրի: Թե իշխանություններից ովքեր էին կազմակերպել այդ ակցիան: Արհեստական կազմակերպված ակցիաները որևէ կերպ չեն կարող անդրադառնալ մեր ժողովրդի իրական տրամադրությունների վրա: Իրականում հանրության գրեթե 100 տոկոսի մոտ կա կոնսենսուս, որ այս իշխանությունները պետք է օր առաջ հեռանան: Այդ ուղղությամբ տարված աշխատանքները, իրականացվող քայլերը ժողովրդի զգալի մեծամասնության կողմից ողջունվում են:
-Այցելելու եք բոլո՞ր մարզեր:
-Այո, մարզեր պետք է գնանք, բոլոր տեղերում հանդիպենք մեր ժողովրդի հետ: Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ մարդիկ չեն կարողանում մարզերից օբյեկտիվ պատճառներով գալ Երևան: Ուստի պետք է մենք այցելենք և ներկայացնենք մեր ծրագրերը:
ՀԳ. Ընդդիմության վարչապետի թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը ևս անդրադարձել է իրենց հանդիպումներին. «Ամեն մեկն ինչ-որ ելք է փնտրում: Ես կասեի, որ ժողովուրդը մտորումների մեջ է՝ ապագայի վերաբերյալ: Հանդիպումների ժամանակ ես չեմ տեսել մարդկանց, որ մերված լինեն այս վիճակի հետ, որովհետև այժմ խոսքը Հայաստանի գոյության մասին է: Բոլորը դժգոհ են նախկինում եղածից, մարդիկ կան՝ շատ զայրացած, բայց հիմա մտորումներ են գնում ապագայի մասին: Ես չեմ տեսնում, որ հույս կապեն ներկա իշխանության հետ, որ որևէ դրական ապագա կարող են իրենց խոստանալ»»,-գրում է թերթը: