Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը ՌԴ ԱԳՆ-ին շնորհակալ է Ռուսաստանում մշակված «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութով պատվաստվելու առաջարկի համար, սակայն չի ընդունի այն։ Այս մասին Twitter-ում գրել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի խոսնակ Ռեբեկա Ռոսը։
«Դեսպան Սալիվանը Ռուսաստանի ԱԳՆ-ին շնորհակալություն է հայտնում պատվաստվելու առաջարկի համար, սակայն չէր ցանկանա օգտագործել «Սպուտնիկ V»-ի՝ Ռուսաստանի քաղաքացու համար նախատեսված դեղաչափը։ Մենք ուրախ ենք, որ ամերիկյան երկու պատվաստանյութերն այժմ հաստատվել են և օգնում են մարդկանց պայքարել COVID-19-ի դեմ ԵՄ-ում, Մեծ Բրիտանիայում, Լատինական Ամերիկայում և ԱՄՆ-ում»,- գրել է Ռոսը:
Ավելի վաղ ամերիկյան դիվանագիտական առաքելության Facebook-ի էջում հրապարակվել էր Սալիվանի ձեռագիր նամակի լուսանկարը: Դրանում դիվանագետը խոստովանել էր, որ անցնող տարում «իրեն շատ լավ է պահել, դիմակ է կրել, պահպանել սոցիալական հեռավորություն և Սանտայից խնդրում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, հոկեյի նոր մական և մարզակոշիկներ»:
Ռուսաստանի ԱԳՆ-ն
Twitter-ի իր էջում պատասխանել էր Սալիվանի նամակին՝ նշելով, որ եթե Սանտան դեռ չի կատարել ամերիկացի դիվանագետի ցանկությունները, ապա Ձմեռ պապը նվերներ ունի նրա համար: Դիվանագիտական գերատեսչությունը հիշեցրել էր, որ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը հաստատվել է 60 տարեկանից բարձր անձանց պատվաստելու համար, ինչպես նաև խորհուրդ տվել դիտարկել ռուսական Заряд ընկերության հոկեյի մականները, որոնցով, ինչպես հայտնի է, խաղում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Իսկ մարզակոշիկների վերաբերյալ դեսպանին խորհուրդ են տվել դիմել «Մատչ ՏՎ» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակիին, որն ակտիվորեն առողջ ապրելակերպ է քարոզում, իսկ մի քանի տարի առաջ մի քանի սպորտային կոշիկներ է նվիրել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին։