Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Երեքշաբթի՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 12։00-ից ամբողջ Հայաստանի տարածքում հայտարարվեց գործադուլ, դասադուլ և անհնազանդության զանգվածային բողոքի ակցիաներ՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Ժամը 12։00-ին հավաքվում ենք Հանրապետության հրապարակում և շրջապատում կառավարության շենքը․ ամբողջ երկիրը պետք է պարալիզացվի, որպեսզի այս խեղկատակը հեռանա։ Երեքշաբթին հայտարարում ենք մեր պայքարի ամենավճռական օրը»,-հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթի» ժամանակ, որն այս անգամ կանգ առավ ուժային կառույցների շենքերի առջև և նամակ փոխանցեց։
Մինչև երեքշաբթի երթերն ու ակցիաները շարունակվելու են։ Վաղվա երթը Հալաբյան փողոցից՝ Թումոյի այգու մոտից, կձգվի դեպի Կենտրոն։
Ուրբաթ օրվա ծրագրերի մասին կհայտնեն վաղը երեկոյան։
Շաբաթ օրը տեղի է ունենալու հավաք և սգո երթ։
«Մենք միասին այդ երթը կկազմակերպենք»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մինչև այդ նա ելույթում անդրադարձավ շատ զգայուն մի թեմայի՝ գերիների, անհետ կորածների, զոհերի և սգի թեմային։
Նա նշեց, որ անցնող 34 օրերին հանրահավաքներում այս մասին քիչ են խոսել, որպեսզի չշահարկվի և տպավորություն չլինի, որ դա օգտագործում են հավաքը մեծացնելու համար։
«Սակայն 34 օրերի ընթացքում իշխանությունն իր խամաճիկներով փորձում է մթնոլորտ ստեղծել, որ՝ մենք ունենք զոհեր, գերիներ, բայց ընդդիմադիրները ցույց են անում։ Մենք՝ իբրև ընդդիմություն, իբրև Հայրենիքի փրկության շարժում որևէ իրավասություն և հնարավորություն չենք ունեցել մեր գերիներով զբաղվելու համար, դրանով պետք է զբաղվեն ՀՀ կառավարությունը, վարչապետը, պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները։ Բայց քանի որ իրենք անմեղսունակ են, անկարող են, 34 օրերի ընթացքում այդ հարցը չեն կարողացել լուծել և անընդհատ սլաքները ուղղել են այլ ուղղությամբ»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նա վստահեցրեց, որ իրենց պայքարը նաև միտված է եղել հենց այդ հարցի լուծմանը։
«Մենք բազմաթիվ անգամներ ասել ենք՝ եթե Նիկոլին հեռացնեինք 6 ամիս առաջ՝ պատերազմ չէր լինի, եթե մենք Նիկոլին հեռացնեինք պատերազմի առաջին օրերին՝ պատերազմը ավարտվելու էր մեր հաղթանակով, եթե մենք Նիկոլին հեռացնեինք այն ստորացուցիչ պայմանագրի օրը՝ այս 34 օրերին չէինք ունենա այս կորուստները»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա արձանագրեց, որ արդեն ունենք 11 զոհ, ունենք նոր գերիներ և 4 գյուղերի կորուստ։
«Երբ մենք մեկ ամիս առաջ ասում էինք՝ այս մարդու մեկ օր ավելի մնալը կորուստ է մեր երկրի համար, ոմանք սա չէին գիտակցում։ Հիմա գոնե համոզվե՛ք և հասկացե՛ք՝ այս մարդու մի րոպե ավելի մնալը կորուստ է մեր երկրի համար, Նիկոլը պետք է հեռանա և վե՛րջ»,-հայտարարեց նա։
Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց, որ եթե իրենց ասում են՝ երկրում սուգ է, ապա իրենք սգում են մեր բոլոր հերոս նահատակների համար, և այս պայքարը իրենց հիշատակի համար է։
Մեր որդիները, մեր եղբայրները, մեր քաջերը զոհվել են հանուն մեր երկրի, մենք իրենց գործը կիսատ պետք է չթողնենք։ Ես իմ դաշնակցական ընկերների շիրիմներին այցելելիս՝ ամեն անգամ մեկ բան եմ խոստացել, որ իրենց գործը շարունակելու ենք։ Եկեք մենք բոլորս այստեղ իրար հետ մեր նահատակ բոլոր հերոսների առջև խոստանանք, որ իրենց գործը շարունակելու ենք»,-հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը։
Բոլոր նրանց համար, ովքեր շահարկում են ցուցարարների թիվը, Իշխան Սաղաթելյանը կոչ արեց ցուցարարներին՝ բարձրացրե՛ք բռունցքները, թո՛ղ հաշվեն, տեսնեն՝ քանի բռունցք կա հրապարակում։
Մանրամասն՝ տեսանյութում․