կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-13 17:41
Քաղաքական

«Յուրաքանչյուր րոպեն թա՛նկ է». Փաշինյանի հրաժարականն է պահանջում Կաքավաձորի ղեկավարը

«Յուրաքանչյուր րոպեն թա՛նկ է». Փաշինյանի հրաժարականն է պահանջում Կաքավաձորի ղեկավարը

ՀՀ Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքի ղեկավար, ազատամարտիկ Հայկ Բաղդասարյանը հայտարարություն է տարածել, որով պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը: Ստորև ներկայացնում ենք Հայկ Բաղդասարյանի հայտարարությունը.

  

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԿԱՔԱՎԱՁՈՐ ԳՅՈՒՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ
ՀԱՅԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ

      Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանն ու Արցախը կանգնած են արհավիրքի առաջ, երկիրն աղետի շեմին է:

Մենք կորցրել ենք Արցախի զգալի մասը, ունենք հազարավոր զոհեր, անհետ կորածներ, տնտեսական ու սոցիալական խնդիրներ: Ամեն օր նոր խնդիրների ենք առերեսվում, հակառակորդի կողմից նոր հայտարարություններ են տարածվում, որոնք մնում են անպատասխան: Նիկոլ Փաշինյանը, կառավարության բոլոր քարոզչական լծակներն օգտագործելով, ժողովրդին սուտ տեղեկություններ տալով, տապալեց Արցախյան պատերազմը: Այժմ էլ շարունակվում է նույն ձևով: Այս ամենի համատեքստում, նույնիսկ ամենափոքր թվացող հարցերը չեն լուծվում պետական մակարդակում, քանի որ կառավարման ամբողջ համակարգն այս օրերին անգործության է մատնված:

Յուրաքանչյուր րոպեն հայ ժողովրդի համար թանկ է և կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Ստեղծված իրավիճակում ամեն օր, էլ ավելի ենք համոզվում, որ այս իշխանության հետ հնարավոր չէ չեզոքացնել մեզ սպառնացող վտանգը:

Ելնելով այս ամենից, ես` Հայկ Բաղդասարյանս, որպես Արագածոտն մարզի Կաքավաձոր համայնքի ղեկավար, միանում եմ իմ հայրենակիցներին, և պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Համայնքի ղեկավար`   Հայկ Բաղդասարյան