կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-17 12:46
Քաղաքական

Կապանցիները փակել են մայրուղին և Փաշինյանի հրաժարականն են պահանջում

Կապանցիներն այս պահին փակել են Երևան-Մեղրի մայրուղին և պահանջում են Փաշինյանի ու նրա կառավարության հրաժարականը: Ավտոմայրուղու երկայնքով արդեն կուտակվել են մեծ թվով բեռնատարներ և թեթև մարդատար ավտոմեքենաներ: Ցուցարարների թիվը ևս մեծ է:

Հիշեցնենք՝ Սյունիքի մարզի բնակչությունն այս օրերին ապրում է տագնապալի օրեր: Արդեն գրեթե հստակ է՝ Փաշինյանի բանավոր համաձայնությամբ կամ, իր բառով ասված, «ըմբռնման» շնորհիվ մարզի արևելյան սահմանագիծը, որը նաև ՀՀ-Ադրբեջան պետական սահմանն է դառնալու, անցնելու է Խորհրդային միության օրոք և քմահաճությամբ  ձևավորված Զանգելանի և Կուբաթուի շրջանների արևմտյան վարչական սահմաններով:

Կապանի կամավորական ջոկատներից մեկի ներկայացուցիչը Yerkir.am-ի հետ զրույցում վստահեցրեց՝ մեկ ամսից ավելի է, ինչ դիմել են հրամանատարությանը՝ պահանջելով, որ իրենց զբաղեցրած բնագծերը, որպես եռակողմ հայտարարությամբ կազմավորվելիք պետական սահման, ամրացվեն կանոնավոր զորքով: Ցավոք, որևէ քայլ չի արվել այդ ուղղությամբ: Մեր զրուցակիցը ներկայացրեց նաև մի շարք կարևոր փաստարկներ առ այն, թե ինչպիսի աղետալի հետևանքների կարող է հանգեցնել ներկայիս բնագծերից հետ քաշվելը: Նախ՝ սահմանի երկարությունը, միայն Կապանի հատվածում զիգզագաձև երկարելով,  կդառնա շուրջ 140 կմ, որը, ներկայումս զբաղեցրած բավականին հարմարավետ դիրքերի համեմատ, գրեթե կրկնապատկվում է: Ավելին՝ ներկայումս կամավորական վաշտերը կանգնած են այնպիսի դիրքերում, որոնց շնորհիվ ապահովվում է Սյունիքի մարզի բազմաթիվ բնակավայրերի անվտանգությունը, կամ, ինչպես պատկերավոր նշեց մեր զրուցակիցը, թուրքերը չեն գա և գյուղերի տների քթի առջև մուղամ միացնիԱյդ բնակավայրերն են՝ Հանդը, Սրաշենը, Ճակատենը, Շիկահողը, Սյունիքը, Ագարակը, Եղվարդը, Ուժանիսը, Դավիթ Բեկը և այլն: Կապանցի կամավորականը հավաստում է՝ նշված բնակավայրերը կարճ ժամանակում կդատարկվեն, եթե իրենք հետ քաշվեն ներկայիս բնագծերից:

Ի դեպ, նա բավականաչափ խորությամբ տիրապետում էր Խորհրդային միության ժամանակաշրջանում Զանգելանի և Կուբաթլուի շրջանների ձևավորման գործընթացին՝ իրավացիորեն փաստելով, որ խորհրդային վարչատարածքային կամայական գծանշումները չեն կարող պետական սահմանի համար հիմք ծառայել:

Վահե Սարգսյան