|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 4-ին աշխատանքային այցով եղել է մայրաքաղաքի մի շարք շինհարթակներում եւ օբյեկտների շահագործման ժամկետների վերաբերյալ տվել նոր հանձնարարականներ:
Երկրի ղեկավարը նշել է, որ հետպատերազմական շրջանում Հանրապետության սոցիալական թիվ մեկ խնդիրը բնակարանայինն է, եւ առաջիկա տարիներին Կառավարությունը գործադրելու է իր հիմնական ջանքերը բոլոր անօթեւան մնացած քաղաքացիներին բնակարաններով ապահովելու համար: Նախագահ Հարությունյանի հանձնարարականի համաձայն՝ Ստեփանակերտի տարբեր հատվածներում կառուցվող բազմահարկ շենքերը՝ շուրջ 300 բնակարաններով, աշխատուժի ավելացման հաշվին շահագործման կհանձնվեն մինչեւ հաջորդ տարվա առաջին կես: Ծրագրում կընդգրկվեն նաեւ վարչական նշանակության որոշ շենք-շինություններ, որոնք վերակառուցման արդյունքում կվերածվեն բնակելի շենքերի:
Աշխատանքային շրջայցի ընթացքում նախագահը եղել է նաեւ «Արցախկաթ» փակ բաժնետիրական ընկերությունում, ծանոթացել ամբողջ ծավալով աշխատող արտադրամասի պայմաններին, շնորհակալություն հայտնել կոլեկտիվին պատերազմական ծանր ժամանակահատվածում եւս արտադրական պրոցեսը չկանգնեցնելու եւ բնակչությանը թարմ կաթնամթերքով ապահովելու համար:
Արայիկ Հարությունյանին այցի ընթացքում ուղեկցում էին «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանը եւ ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը: