Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ընդունել է Բելգիայի ֆրանկոֆոն օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների՝ Արցախի Հանրապետության հետ բարեկամության շրջանակի պատվիրակությանը:
Պաշպանը ողջունել է հյուրերին և նշել, որ Արցախի համար դժվարին ժամանակներում Արցախի բարեկամների այցերն ու նրանց հետ հանդիպումները կարևոր են տեղում առկա հումանիտար իրավիճակի վերաբերյալ բարձրաձայնելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու տեսանկյուններից:
Արտակ Բեգլարյանը ներկայացրել է սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքներին հասցված վնասների, ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացված փաստահավաք առաքելության արդյունքներն ու դրանց վերաբեյալ հրապարակված զեկույցները: Պաշտպանը կարևորել է միջազգային հանրության պատշաճ արձագանքը Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից կատարված մարդկության դեմ հանցագործությանը: Նա հատուկ ընդգծել է գերեվարված ու անհայտ կորած անձանց առնչվող հարցերի հրատապ կարգավորման գործում ադրբեջանական կողմի վրա միջազգային գործնական ճնշման անհրաժեշտությունը:
Հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձ է կատարվել հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց հանդեպ վերաբերմունքին, հայ զինծառայողների մարմինների խեղման դեպքերին և դիակների փոխանակման գործընթացին, Ադրբեջանում պետական մակարդակով խրախուսվող հայատյացության քաղաքականությանը, Արցախում տեղահանված անձանց վերադարձի և անհրաժեշտ պայմանների ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և մի շարք այլ հարցերի:
Բարեկամության շրջանակի անդամները վերահաստատել են Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցը Բելգիայում և եվրոպական հարթակներում լսելի դարձնելու ուղղությամբ աշխատանքներ տանելու իրենց պատրաստակամությունը:
Հյուրերին ուղեկցում էին Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը, գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը: