կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-03 20:41
Քաղաքական

Ռուսական մամուլը ակտիվորեն անդրադարձել է Վազգեն Մանուկյանի թեկնածությանը

Ռուսական մամուլը ակտիվորեն անդրադարձել է Վազգեն Մանուկյանի թեկնածությանը

«Հայրենիքի փրկության շարժումը» այսօր հայտարարեց վարչապետի իր թեկնածուի անունը՝ Վազգեն Մանուկյան: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում էր.

«Որպես անցումային կառավարության ղեկավար՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ, Խորհուրդն առաջադրում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը, որն ունի հակաճգնաժամային կառավարման փորձ, արդյունավետ բանակցություններ վարելու կարողություն, ներքին համերաշխություն և համազգային համախմբվածություն ապահովելու կամք ու վճռականություն»:

Ըստ խորհրդի որոշման Վազգեն Մանուկյանը վարչապետ դառնալուն պես կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը, պարտավորվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին անձամբ չմասնակցել և չհավակնել վարչապետի պաշտոնին:

Նշենք, որ լուրը լայնորեն լուսաբանվել է նաև ռուսական մամուլում: Ռուսական մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես tass.ru-ն, gazeta.ru-ն, vedomosti.ru-ն, РИА Ноости անդրադարձել են Վազգեն Մանուկյանի թեկնածությանը:

РИА Ноости-ն մեջբերել է Արթուր Վանեցյանի հարցազրույցից մի հատված, այնուհետև ներկայացրել Վազգեն Մանուկյանի քաղաքական ուղին՝ նշելով, որ զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ, 1996 թվականին մասնակցել նախագահական ընտրություններին և Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրել արդյունքները կեղծելու մեջ:

vedomosti.ru-ն տարածել է «Հայրենիքի փրկության շարժման» հաղորդագրությունը, մի փոքր հատված մեջբերել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցից և վերջում նշել, որ Վազգեն Մանուկյանը կանգնած է եղել ԼՂ անկախության պայքարի ակունքներում, զբաղվել է հասարակակա-քաղաքական ակտիվ գործունեությամբ:

gazeta.ru-ն նույնպես անդրադարձել է Վազգեն մանուկյանի գործունեությանը և նշել, որ նոյեմբերի 10-ի համաձայնագրից հետո երկրում պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

tass.ru-ն էլ հավելել է, որ Հայաստանի ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է ոչ միայն պատերազմում պարտության համար, այլ նաև երկրի սոցիալական և տնտեսական խնդիրների համար:

Աղբյուրը՝ yerevan.today