Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2016-03-03 11:45
Տարածաշրջան

Թուրքիայում «հայ հեղինակություն» Սարգսին անդրադարձել է նաև արտասահմանյան մամուլը. լուսանկարներ

Թուրքիայում «հայ հեղինակություն» Սարգսին անդրադարձել է նաև արտասահմանյան մամուլը. լուսանկարներ

The Wall Street Journal-ն անդրադարձել է Կեսարիայում ապրող միակ հայի՝ Սարգիս Թեքեի կյանքին՝ նրան անվանելով իր ներկայությամբ Կեսարիայում երբևէ գոյություն ունեցած հայկական կյանքի միակ վկան:

«Արևելք»-ի հաղորդմամբ՝ Սարգիս Թեքեին մամուլը հաճախ է անդրադառնում, նրա հետ հարցազրույց է արել նաև Թուրքիայում լույս տեսնող «Ակօս»-ը` գրելով,  որ Կեսարիայի Թալաս գավառում ապրող միակ հայը՝ Սարգիս Թեքեն,  իր ապրած կյանքով դարձել է շրջանի հեղինակությունը: Նրա մականունը «քաբադայ» է, ինչը «քաջ»,  «կռվազան» իմաստն ունի: Սարգիս Թեքեն շրջանում հեղինակություն է վայելում նախ քաջության, ապա՝ հայության հետք չպահպանած այդ շրջանում իր արմատներից չհրաժարվելու, հայկական ինքնությունը համառորեն պահպանելու համար: Նա թևի վրա դաջել է  անունը՝ Սարգիս, և ընդունում ու ճանապարհում է շրջան այցելող բոլոր հայերին: Երբ նրան հարցնում են, թե ինչո՞ւ է անունը դաջել թևին, ասում է՝ մարդ ես, չպատահի վախենաս, ինքնությունդ ուրանաս:

\"\"

Սարգիս Թեքեն յուրացրել է «հեղինակություն» մականունը և նշում է, որ այն երբեք չպետք է շփոթել այլ պիտակի հետ. «Այս բառի իմաստը խորն է: Նախ դաստիարակված, բարեկիրթ պետք է լինի «քաբադայը»: Պիտի իմանա թե\' իր տեղը և թե\' դիմացինի արժանիքը և այդ արժանիքին համապատասխան պիտի վերաբերվի շրջապատին: Այդ մականունը կրողը օրինակելի պիտի լինի: Հեռու պիտի լինի հանցանքից ու հանցագործությունից, կռվից ու կռվազանությունից: Բայց եթե պետք է՝ առանց աչքը թարթելու պիտի մտնի կռվի մեջ»,-Սարգիս Թեքեի խոսքերն է մեջբերել թերթը:

Թալասի վերջին հայն ասել է, որ այդ սկզբունքները գործադրելով է, որ ինքը կարողացել է  չհեռանալ 300 տարվա կենսագրություն ունեցող իր պապենական տնից և բնակվել այնտեղ: 


\"\"

«100 տարի առաջ Թալասի բնակչության մեծամասնությունը հայեր էին, բոլորն էլ գաղթեցին: Նախ՝ Պոլիս, ապա՝ ԱՄՆ կամ Եվրոպա գնացին: Այն, ինչ որ մնացել էր նրանց նախնիներից,  կողոպտվեց տեղացիների կողմից: Իմ ունեցվածքի վրա էլ աչք ունեին: Ես տեր կանգնեցի, իմ պապենական ունեցվածքը պահելու համար մարդ էլ սպանեցի, այդ էլ հատուցեցի, 12 տարի բանտարկվեցի, այսօր արդեն հպարտությամբ եմ ապրում Թալասում, բոլոր թշնամիներս էլ թողել-հեռացել են»,- պատմել է շրջանի ամենաքաջ մարդու համբավ ունեցող հայը: Նա ավելացրել է, որ կյանքի հանգամանքներն այնպես են դասավորվել, որ չի ամուսնացել, ընտանիք չի կազմել` նշելով, որ կյանքն ամեն մեկի համար մի ճանապարհ է բացել, իր ճանապարհն էլ այն կյանքն է, որով այսօր ապրում է:

\"\"

 

\"\"