Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը շուտով կունենա քայլվածքի և պրոթեզավորման գերժամանակակից գերմանա-հոլանդական լաբորատորիա, որը ծառայելու է հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած խիզախ հայորդիների առողջության վերականգմանը։ Այս մասին հայտնում են Հայաստան Համահայկական հիմնադրամից։
Ներկայումս կենտրոնում բուժում է ստանում 120 զինվոր:
Այս համատեղ նախաձեռնությունը կյանքի է կոչվել Հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաք արշավի շրջանակներում Նիդեռլանդների հայ համայնքի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործընկեր «Vereniging Armeniëfonds Nederland»-ի ֆինանսավորմամբ:
«Սա առաջին նմանատիպ լաբորատորիան է Հայաստանում: Այն մեզ թույլ կտա ապահովել գերժամանակակից պրոթեզավորում, որը ոչ միայն առավելագույնի կհասցնի յուրաքանչյուր հիվանդի ֆունկցիոնալությունը, այլ նաև հնարավորություն կտա խուսափել հետագա բարդացումներից և վիրահատություններից: Մենք շնորհակալ ենք բոլոր այն հայերին, որոնք «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով աջակցեցին այս կենսական ծրագրի իրականացմանը»,– ասել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը:
Նոր լաբորատորիան ապահովելու է ինչպես վերին, այնպես էլ ստորին վերջույթների ֆունկցիոնալ պրոթեզավորում: Քայլվածքի 360 աստիճան 3D վերլուծության լաբորատորիան կբարձրացնի կենտրոնի գործառությունը` տրամադրելով հիվանդների հատուկ կարիքների խորը վերլուծություն, իսկ պրոթեզավորման լաբորատորիան կստեղծի ժամանակակից և յուրաքանչյուր հիվանդի կարիքներին համապատասխան պրոթեզներ: Այս ծրագիրը ներառելու է նաև վերապատրաստման բաղադրիչ, ինչի շնորհիվ հայ բժիշկները և պրոթեզավորման մասնագետները կմասնակցեն եվրոպական վերապատրաստման ծրագրերին՝ վերականգնողական կենտրոնի հիվանդների խնամքն ավելի արդյունավետ իրականացնելու համար:
Մեր վիրավոր երիտասարդների բուժումն ու խնամքը գերակա նշանակություն ունեն Հիմնադրամի, ինչպես նաև հայ ազգի համար: Սա առաջին ծրագիրն է գալիք բազմաթիվ նախաձեռնությունների շարքում, որոնք մշակվել են հայրենիքի պաշտպանության համար վիրավորված մեր զինվորների անձնվեր գործը գնահատելու և իրենց ֆիզիկական կարիքները հոգալու համար: Ներկայումս մշակվում են նաև մի շարք ծրագրեր ինչպես հայրենիքի պաշտպաններին, այնպես էլ իրենց ընտանիքներին աջակցելու համար:
Աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերիս պարտքն է մեր երախտագիտությունը հայտնել մեր քաջորդիներին իրենց անձնազոհ ծառայության համար: Հիմնադրամը շարունակելու է աջակցել նրանց, որպեսզի պատերազմի հետևանքները չհանգեցնեն իրենց կյանքի որակի անկման։