Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք ականատեսն ենք լինում, թե գործող վարչապետն ինչպես է փորձում և նաև քաղաքական թիմի տարբեր ներկայացուցիչներ ինչպես են փորձում պարտության մեղքը բարդել ում վրա ասես, նաև՝ այո՛, զինվորականների վրա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորն անդրադարձավ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը, որտեղ ԳՇ պետը անդրադարձել է մեղադրանքներին, թե Զինված ուժերի ղեկավարության կողմից պետության ղեկավարին ոչ իրատեսական վերլուծություններ են ներկայացվել.
«Եվ ինչ է ասում Գենշտաբի պետը՝ պատերազմի 4-րդ օրը՝ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, ես ներկայացրի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ ԶՈՒ գնահատականը՝ նշելով, որ երկու-երեք օրերի ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար՝ հակառակ դեպքում՝ այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում՝ մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ:
Հիմա հարց Նիկոլ Փաշինյանին՝ էս հարցերի պատասխանն ո՞վ է տալու»:
Պատգամավորը նշեց, որ առաջիկա օրերին պետք է սպասել շատ հետաքրքիր բացահայտումների, այդ թվում՝ ռուս լրագրողների և քաղգործիչների կողմից հնչող հարցադրումների վերաբերյալ. «Որ հնարավոր էր, այո՛, պատերազմի 4-րդ, այնուհետև՝ 7-րդ, 10-րդ և այս օրերին՝ ունենալ շատ ավելի բարենպաստ բանակցային իրավիճակ և շատ ավելի քիչ կորուստներ»:
Հայկ Սարգսյանի այսօրվա ճեպազրույցի ժամանակ հնչեցրած մի քանի դրվագների մասին խոսելով՝ Նաիրա Զոհրաբյանը ասաց. «Հիմա՝ մեր գործընկերը, անդրադառնալով բռնության կոչերին, ասում է, որ մենք Ռադիոտան ապակիները չենք ջարդել: Չէ՛, դուք ապակիներ չեք ջարդել, դուք ավերել եք Ռադիոտունը, դուք համալսարանի ռեկտորին թույլ չէիք տալիս, մարդ, ում սիրտը վատացել էր, խնդրում-աղերսում էր միջանցք բացել, որ կարողանա դուրս գալ, թույլ չէիք դուրս գալ, դուք (ձեր ֆեյքերը, որոնք կոորդինացվում են պատգամավորներից մեկի կողմից) իմ երեխային գրել եք՝ մամայիդ դիակը տարել են (հիմա` այս օրերին) Բժշկականի կողքի անատոմիկի մորգ, կես ժամից գնացեք, դագաղը տարեք, մամայիդ դիակը վերցրեք անատոմիկի մորգից: Սա՛ եք դուք, որ հիմա խոսում եք, հա՞, բռնության կոչերից, ի՞նչ բռնության կոչ, էն, ինչ որ դուք եք արել, որևէ մեկը չի արել:
Դուք ասում եք՝ որդեկորույս մորը բերել եք, հանրահավաքին ելույթ է ունենում, տղանե՛ր և աղջիկնե՛ր, էս ի՞նչ եք ասում, էս լո՞ւրջ եք խոսում: Էն, որ Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապիկ էիք պեղել և ձեր գլխավոր հրամանատարի և մեկ էլ էն մարզպետի, որ գրեց՝ Շուշի՛, ես հես ա գալիս եմ ու էդպես էլ չհասավ, նրա ներկայությամբ ֆեյք պապ էիք խոսեցնում: Հիմա դուք բարոյական իրավունք ունե՞ք խոսելու, որ որդեկորույս մայր է եկել և հանրահավաքին հարցադրումներ է տալիս, որոնց պատասխանները, մե՛կ է, տրվելու են:
Հասկանում եմ, որ դուք այսօր ամեն ինչ անելու եք, որ այդ պատասխանները չհնչեն. վաղը չենք լինի մենք, չեք լինի դուք, շատերը չեն լինի, բայց պատմությունը տալու է գնահատականը, և պատմության առաջ պատասխանատվությունից որևէ մեկս չենք խուսափելու»: