կարևոր
556 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-05 11:57
Հասարակություն

Դուք եք այն մարդիկ, ովքեր սովորեցնում են երեխային գրել իր առաջին «Հայաստան»-ը, հասկանալ Մաշտոցի ոգին. պատգամավորի շնորհավորանքը Ուսուցիչների օրվա առթիվ

Դուք եք այն մարդիկ, ովքեր սովորեցնում են երեխային գրել իր առաջին «Հայաստան»-ը, հասկանալ Մաշտոցի ոգին. պատգամավորի շնորհավորանքը Ուսուցիչների օրվա առթիվ

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը շնորհավորել է Ուսուցիչներին մասնագիտական օրվա առթիվ, նշելով.

«Սիրելի՛ ուսուցիչներ, մանկավարժական աշխատանքի վետերաններ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ։ Սա յուրահատուկ օր է՝ ձեզ պատվելու, ձեր նվիրված և կենսական աշխատանքն արժևորելու համար։

Ազգի հոգևոր հենասյունը եղել և մնում է ՈւՍՈՒՑԻՉԸ։ Այսօր՝ Ուսուցչի տոնի օրն, անկեղծորեն խոնարվում եմ ձեր առաքելության առաջ՝ որպես ժողովրդի գիտակցության, ազգային ինքնության և հայրենասիրության ջահակիրների։

Դարեր շարունակ մեր ուսուցիչները եղել են լեզվի, հավատքի, մշակույթի ու ազգային արժեքների պահապաններ՝ անկախ պատմական ժամանակներից ու փորձություններից։ Այսօր դուք շարունակում եք այդ սուրբ գործը՝ կրթելով ու դաստիարակելով նոր սերունդներ՝ Հայրենիքի արժանապատիվ քաղաքացիներ, ովքեր սիրով են ապրում հայրենի հողում և պատրաստ են ծառայել իրենց ժողովրդին։

Դուք եք այն մարդիկ, ովքեր սովորեցնում են երեխային գրել իր առաջին «Հայաստան»-ը, հասկանալ Մաշտոցի ոգին, ապրել Թումանյանի բանաստեղծությամբ ու մեր հերոսների արյամբ գծված հայրենասիրությամբ։

Ձեր ամենօրյա, խոնարհ ու հայրենասեր աշխատանքը սերմանում է վստահություն վաղվա Հայաստանի նկատմամբ։ Դուք սրբորեն կրում եք մեր ազգային արժեքների շղթան՝ անցյալից դեպի ապագա։

Թո՛ղ ձեր սաները լինեն կրթված և ազգասեր։

Թո՛ղ դպրոցում սովորած ամեն դաս ի վերջո ձուլվի մեկ գաղափարի՝ «Ես հայ եմ, սա իմ Հայրենիքն է, և ես պատասխանատու եմ դրա ապագայի համար»։

Թո՛ղ Հայաստանը միշտ ունենա ուժեղ ուսուցիչ, ազգային դպրոց և հայրենասեր սերունդ:

Սիրելի' ուսուցիչներ, մանկավարժական աշխատանքի վետերաններ,

Մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, ուժ ու եռանդ, բարեկեցիկ և արժանապատիվ կյանք:

Շնորհակալություն՝ ձեր համբերության, գործին նվիրումի և ամենօրյա լուռ հերոսության համար»: